Հայաստանը տնտեսապես ավելի ազատ է, քան Իսրայելը․ Հայաստանը՝ ամերիկացի տնտեսագետի աչքերով

4 Min Read

Հայաստանը տնտեսապես ավելի ազատ է, քան Իսրայելը։ Այս մասին հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Economic Fundamentals Initiative (EFI) հիմնադրամի ներկայացուցիչ,  տնտեսագիտության պրոֆեսոր Ռենդալ Կ. Ֆայլերը՝ վկայակոչելով «Աշխարհի տնտեսական ազատության զեկույց»-ը, ըստ որի՝ Հայաստանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը՝ 10 հնարավորից՝ 7.84 վարկանշային միավորով:

ՀՀ կենտրոնական բանկը Վարքագծային որոշումների կենտրոնի հետ համատեղ հունիսի 3-4-ը Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կազմակերպել էր աշխատարան տնտեսական, տնտեսագիտական ու ֆինանսական ոլորտի լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։

Աշխատարանին ներկա էին նաև Economic Fundamentals Initiative (EFI) հիմնադրամի ներկայացուցիչներ Ջոզեֆ Պ. Կալհունը (Ֆլորիդայի պետական համալսարանի պրոֆեսոր, Ձեռներեցական և տնտեսագիտական անվճար կրթության զարգացման Ստավրոսի կենտրոնի տնօրեն) և Թաունի Հանթ Ֆեռարինին (Ռոբերտ Ու. Պլաստերի տնտեսագիտական կրթության ամբիոնի պրոֆեսոր, Միսսուրի նահանգի Սենթ Չարլզ շրջանի Լինդենվուդի համալսարանի Համոնդի ինստիտուտի ավագ տնտեսագետ)։

ՆերկաներՆ ընդգծեցին, որ տնտեսապես ավելի շատ ազատությունը նշանակում է ավելի արագ աճ և ավելի մեծ եկամուտներ: Չնայած սրան` շեշտեցին՝ տնտեսական ազատության միավորը պահել է պետք, ոչ միայն խանդավառվել դրանից:

Տնտեսագիտության պրոֆեսորները/ EFI հիմնադրամի ներկայացուցիչները/ չշրջանցեցին նաև ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված պատժամիջոցների թեման՝ ընդգծելով, որ պետք է օգտվել այս աշխարհագրական շարժերից, և որ այսօրվա որոշումները հետագա հնարավորություններն են, ու հենց այսօր պետք է մտածել այն ապագայի մասին, որտեղ պատժամիջոցներ չեն լինելու:

Banksnews.am զրուցեց տնտեսագիտության պրոֆեսոր Ռենդալ Կ. Ֆայլերի հետ, որը կիսվեց մեզ հետ Հայաստանից ունեցած տպավորություններով։ Կ. Ֆայլերը վերջերս եղել է Վրաստանում և առաջիկայում պատրաստվում այցելել նաև Ադրբեջան։

«Ինչպես գիտենք, աշխարհի շատ երկրներում շրջակա միջավայրն ու տնտեսությունը շատ տարբեր են, թեև կան իրավիճակներ, որոնք նպաստում են ընդհանրությունների ձևավորմանը։ Այսինքն՝ Հայաստանը և Վրաստանը շատ ավելի նման են և’ սոցիալապես և’ տնտեսապես, եթե համեմատենք, օրինակ, հարավաֆրիկյան երկրների հետ։ Ես նկատել եմ, որ տնտեսական առումով զուտ աշխարհագրական դիրքի շնորհիվ Վրաստանը մի փոքր ավելի շատ արտահանմանն է ուշադրություն դարձնում, դեպի ծով ելք ունի, Ռուսաստանին է մոտ, հետևաբար՝ փորձում է այստեղ խաղալ համեմատ Հայաստանի, որը մի քիչ այլ կոնյուկտուրա ունի։ Աշխարհագրությունը համեմատաբար նման է, Վրաստանը մի քիչ ավելի լավ կլիմա ունի և ավելի հին ավանդույթներ գինեգործության ոլորտում, ավելի շատ գինի են խմում, քան Հայաստանում։ Թեև պետք է ասեմ`ինձ շատ դուր եկավ Հայաստանում խմած գինին։ Գյուղատնտեսական արտադրանքն էլ կարծես թե նույնն է, հիմնական տնտեսական տարբերությունն այն է, որ Վրաստանը միջազգային առումով ավելի մեծ կենտրոն է, քան Հայաստանը։ Եթե դիտարկենք միջազգային կազմակերպության, միջազգային բիզնեսի տեսակետից, եթե այն Թբիլիսիում է տեղակայված, ապա կես ժամ է թռիչքը Երևան, 1 ժամ՝ Բաքու, այս առումով ավելի գրավիչ է»,- նշեց ամերիկացի պրոֆեսորը։

Բայց և ընդգծեց այն փաստը, որ եթե բիզնեսը հիմնադրեն Թբիլիսիում,  շուկան այնտեղ ավելի մեծ է, քանի որ տարածաշրջանի բոլոր երկրների հետ կարող են աշխատել, իսկ Երևանից, օրինակ, թռիչք չկա դեպի Բաքու։ Ինչ վերաբերում է առևտրին և զբոսաշրջությանը, նրա խոսքով՝ Վրաստանում երկրորդային ճանապարհներն ավելի լավն են, ինչը ավելի մեծ հնարավորություններ է ստեղծում։

«Շուկան Թբիլիսիում ավելի հեռու է գտնվում կենտրոնից։ Շատ նման են և՛ Հայաստանում, և՛ Վրաստանում։ Երկրորդային ճանապարհները Վրաստանում ավելի լավն են, քան Հայաստանում։ Հայաստանում հիմնական ճանապարհներն են լավ վիճակում, բայց երկրորդայինները՝ ոչ այնքան։ Հետևաբար զուտ առևտրի առումով ավելի հեշտ է։ Երևանում Հյուսիսային պողոտան է, ևս 2-3 փողոց, Թբիլիսիում մի տեղում են կենտրոնացած բոլոր առևտրային կետերը։ Շատ տարբեր ժողովուրդներ են, կրոնն է մի քիչ տարբեր, տարբեր լեզուներ են, բայց զգացմունքները նույնն են, մարդիկ նույնպես»:

BanksNews-ի հետ զրույցում Ֆայլերը ջերմորեն էր խոսում հայերի մասին։ Հայաստանում ամենաշատը նրան դուր են եկել ընտանեկան արժեքները։

«Հիմնական բանը, որ ինձ Հայաստանում դուր է գալիս ընտանեկան արժեքների նկատմամբ նվիրվածությունն է։ Հայաստանը զարգացող, միջին եկամուտ ունեցող երկիր է, հարուստ երկիր չէ, մի քանի օր անցկացրել ենք, անտուն մարդ չենք տեսել՝ Նյու Յորքի հետ համեմատ։ Ինչու՞, որովհետև ընտանիքի անդամի համար խայտառակություն է, եթե իր ընտանիքի անդամներից մեկն այդ վիճակում է հայտնվի։ Դա չափազանց կարևոր է, ես մեծապես դա գնահատում եմ»,- նշեց Ֆայլերը։ 

Պրոֆեսորը ժպիտով անդրադարձավ տեղի սնունդին`Սնունդը պարզապես հիանալի է…

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով