Յուրաքանչյուր պետություն ինքն է որոշում՝ ինչպիսի տնտեսական քաղաքականություն վարել։ Այդուհանդերձ, երբ որոշ երկրներում մի փոքր ավելանում է պետության դերակատարումը տնտեսությունում, տարբեր կողմերից հնչում են քննադատական խոսքեր։ Այս խնդրին շատ լավ ծանոթ են հետխորհրդային երկներում, որտեղ պետական ուղիղ կարգավորումից կամ վարչահրամայական համակարգից անցում կատարվեց շուկայական տնտեսության։ Վերջինս, սակայն, հայտնվել է բարդ ժամանակահատվածում, որտեղ պետական մարմինների որոշակի միջամտությունը դարձել է պահանջ, քանի որ տարիներ շարունակ քարոզվող ազատ շուկայական մոտեցումները սկսել են չաշխատել այնպես, ինչպես հարկավոր է։
Որոնք են աշխարհի խոշորագույն էնդաումենթ հիմնադրամները. ինչին են ծառայում դրանք
Սակայն, այս հարցում շատ տնտեսագետներ կրկին մեղադրում են պետությանը, որը չի ստեղծում տնտեսական գործընթացների բնականոն ընթացքն ապահովող նպաստավոր դաշտ։ Այս խնդիրը, պարզվում է, առկա է ոչ միայն անցումային և զարգացող տնտեսությամբ երկրներում։ Նման իրավիճակ է զարգանում ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում, որտեղ վերջին տարիներին նկատվում է ապահովագրական ընկերությունների փախուստ։ Վերջերս հայտարարություն տարածեց ամերիկյան խոշոր ապահովագրական ընկերություններից «State Farm»-ը, որը ԱՄՆ-ի ապահովագրական շուկայում գործունեություն է ծավալում արդեն ավելի քան 1 դար։ Ընկերությունն ունի 50 հզր-ից ավելի աշխատակից, իսկ սեփական կապիտալի մեծությունը կազմում է $126 մլրդ, ակտիվների ծավալը՝ $299 մլրդ։
Այս խոշոր ընկերությունն իր հայտարարության մեջ նշում է, որ այլևս հնարավոր չէ գործունեություն ծավալել ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում և դրա պատճառները հետևյալներն են․
Գծապատկեր 1․ Մի շարք պատճառներ, որոնք խոչընդոտում են ԱՄՆ ապահովագրական ընկերությունների աշխատանքին Կալիֆոռնիայի նահանգում
Առաջին հերթին ընկերությունը նշում է շինարարությունում ծախսերի աճը, որը վերջին տարիներին աճում է։ Միգուցե պատճառը կանաչ էներգետիկան է և արևային վահանակներ տեղադրելու պարտադիր հանգամանքը։ Կալիֆոռնիայում լուրջ խնդիրներ կան գնաճի հետ կապված։ ԱՄՆ այս նահանգում չափազանց հաճախացել են բնակլիմայական աղետները։ Մասնավորապես, մենք շատ ենք լսում հրդեհների մասին, որոնք հսկայական կորուստներ են պատճառում։ Վերջիվերջո ընկերությունը մտահոգված է վերաապահովագրության շուկայում նկատվող խմորումներով։
Այս և մյուս ապահովագրական ընկերությունները, որոնք կամաց-կամաց լքում են Կալիֆոռնիան, այս ամենի մեջ մեղավոր են ճանաչում իշխանությունների կողմից չափազանց մեծ միջամտությունը նահանգի տնտեսությունում։ Գերկառավարումը և բյուրոկրատական խնդիրները մեծ վնաս են հասցնում ապահովագրական ոլորտին, որտեղ նվազում է մրցակցությունը և խնդիրներ ստեղծում առաջին հերթին աշխատող մարդկանց և աշխատատեղեր ստեղծողների ճանապարհին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում