Անգլիական այգում կազմակերպված ուրախ և տոնական միջոցառման գլխավոր «մեղավորները» փոքրիկ ընթերցասերներն էին և իրենց ծնողերը, որոնց դատին հանձնվեց Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) աջակցությամբ տպագրված և Հայաստանի երրորդ հանրապետության դրամի 30-ամյակին նվիրված «Արտավազդ արքայի հեքիաթը» գիրքը։
Շնորհանդեսի ընթացքում հեքիաթագրքի հեղինակ Արփի Մաղաքյանը ներկաներին ծանոթացրեց Տիգրան Մեծի որդի Արտավազդ արքայի պատմությանը,
նրա օրոք ստեղծված և նրա կյանքը փրկած մետաղադրամի հետ, ներկայացրեց Արտաշեսյան դինաստիայի արքայի բոսորագույն թագը, ինչպես նաև միասին ունկնդրեցին հայկական ժողովրդական երգեր:
Արփի Մաղաքյանի փոխանցմամբ՝ գիրքը պատմում է Արդավազդ Արքայի և նրա ժամանակաշրջանի Հայաստանի մասին։ Հեղինակի ստեղծագործական հնարքի գլխավոր դերակատարը Արտաշեսյան թագավորական տոհմի Արտավազդ Արքայի կողմից հատված մետաղադրամն է, որն հետաքրքիր պատմական էքսկուրս է կատարում դրամահատարանից մինչև մեր օրերը։
««Արտավազդ արքայի հեքիաթը» «Հաղորդագրություններ անցյալից» հեքիաթաշարքի առաջին գիրքն է։ Հեքիաթաշարքում ծանոթանալու ենք Հայոց արքաների կողմից հատված մետաղադրամներին, լսելու այն հետաքրքիր պատմությունները, որոնց ականատեսը լինելով հնամենի ժամանակներում, այսօր պատմում են մեզ։ Հուսով եմ, որ կսիրեք այս հեքիաթ-իրապատումը և անհամբերությամբ կսպասեք շարքի հաջորդ գրքերին»,-նշել է Արփի Մաղաքյանը։
ՀԲՄ գործադիր տնօրենի փոխանցմամբ՝ միությունը սիրով է ընդունել այս ֆորմատի նախաձեռնության աջակիցը դառնալու առաջարկը, քանի որ այս անգամ դրամի 30 ամյակին նվիրված աշխատանքն ուղղված է կրտսեր սերնդին։
«Տարբեր առիթներով նշվում է, որ հանրության ֆինանսական կրթման հիմնաքարը պետք է դրվի հենց վաղ տարիքից։ Այս տեսանկյունից գիրքը բացառիկ է նրանով, որ ընթերցողը ծանոթանում է ինչպես հին հայկական դրամի պատմությանը, այնպես էլ ստանում գիտելիքներ հայոց պատմության մասին։ Հետևաբար մեզ համար բավականին հետաքրքիր, նաև պարտավորեցնող էր դառնալ հեքիաթագրքի առաջին հրատարակման գործընկերը»,-նշել է Սեյրան Սարգսյանը։
Նշենք, որ «Արտավազդ արքայի հեքիաթը» գրքի շնորհանդեսը կայացել էր նաև հունիսի 1-ին ՀՀ կենտրոնական բանկի այցելուների կենտրոնում կազմակերպված միջոցառման ընթացքում։ Գրքի հանրային շնորհանդեսը՝ Երեխաների իրավունքների պաշտպանության տոնի առթիվ կազմակերպված Մանկական գրքի փառատոնի շրջանակներում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում