Միջազգային կազմակերպությունից ստացվել են վերլուծություններ, որոնք նշել են, որ Հայաստանի ընդհանուր վարկանիշների վրա որոշակի ազդում է հենց հրատապությամբ ԱԺ բերվող նախագծերի խնդիրը։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ այս մասին ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Ազգային ժողովի արտահերթ նիստերի հետ կապված հարցը մշտական խնդիրներից մեկն է։ Եվ այս հարցը մշտապես մեր և նախարարությունների կռիվն է դառնում, որովհետև երբեմն նկատում ենք, որ ինչ-որ գերատեսչությունում «Պողոս Պողոսյան» վարչության պետը քնել, քնել է,և երբ կարմի լույսը վառվել է, ասել է, որ այս նախագիծը հրատապ է, և եթե այն չընդունենք, կունենանք աղետ։ Այս խնդիրը մշտապես քննարկվում է»,- ասաց Հարությունյանը։
Հարությունյանի խոսքով՝ պետք է գտնել՝ որտեղ է խնդիրը:
«Մենք շատ հստակ մեր առջև նպատակ ենք դրել, որպեսզի նվազագույնի հասցվի նման նախագծերի բերելը Ազգային ժողով և փորձենք գտնել, թե որտեղ է խնդիրը։ Այստեղ նաև պատասխանատվության հարց է առաջանում, թե ինչո՞ւ է մնացել նախագիծը երկար ժամանակ և վերջում բերվել»։
Նա հավելել է, որ խնդիր կա դեռ, բայց նախորդ տարվա համեմատ այս թիվը ևս նվազել է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում