Հայաստանը կմասնակցի միջազգային տնտեսագիտական օլիմպիադայի Բրատիսլավայում

1 Min Read

Այս օրերին ամփոփվում են Միջազգային տնտեսագիտական օլիմպիադայի հանրապետական փուլի արդյունքները, որի արդյունքում հայտնի կդառնան այն 5 մասնակիցները, որոնք պիտի ներկայացնեն Հայաստանը սեպտեմբերին կայանալիք միջազգային փուլին:

Մայիսի 13-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացել է օլիմպիադայի հանրապետական փուլը: Հանրապետական փուլին մասնակցության իրավունք էր ստացել 36 աշակերտ, որոնք հաղթահարել էին մարտին անցկացված օլիմպիադայի դպրոցական փուլը: Օլիմպիադայի դպրոցական փուլին մասնակցել էին 10, 11, և 12-րդ դասարանների մոտ 400 աշակերտներ Երևանի և մարզերի 60 դպրոցներից:

Հայաստանում օլիմպիադան իրականացնում է Վարքագծային որոշումների կենտրոնը, գործընկերների՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի և ՀՀ կենտրոնական բանկի հետ համատեղ: Օլիմպիադայի միջազգային համակազմակերպիչներն են Տնտեսագիտական կրթության ինստիտուտը (INEV) և Տնտեսագիտական հիմնարարների նախաձեռնությունը (EFI): Նպատակը դեռահասների մոտ տնտեսագիտության նկատմամբ հետաքրքրություն առաջացնելն ու ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացումն է:

Հունիսի 2-ին` ժամը 14:00-ին, Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա  տնտեսագիտական միջոցառում-ֆորում, որի ընթացքում կհայտարարվեն օլիմպիադայի միջազգային  փուլի մասնակիցների անունները, նրանց կհանձնվեն պատվոգրերը, կամփոփվեն տնտեսագիտական  էսսեների մրցույթի արդյունքներն, ու կպարգեւատրվեն հաղթողները: Տնտեսագիտական թեմաներով քննարկում կծավալվի ոլորտի զարգացումների ու առկա խնդիրների վերաբերյալ:

 

Կիսվեք այս հոդվածով