Փաշինյանը ներկայացրել է, թե երբ և որքանով կավելանան կենսաթոշակները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2 Min Read

2022թ-ի ընթացքում կենսաթոշակները 2 անգամ բարձրացվել են՝ հունվարի և սեպտեմբերին: Միջին կենսաթոշակը դարձել է 46 200 դրամ՝ 43 500 դրամի փոխարեն, իսկ նվազագույն կենսաթոշակը 31 600 դրամ՝ 26 500 դրամի փոխարեն:
Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումներում:

Վարչապետն արձանագրեց նաև, որ ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափը դարձել է 31 600 դրամի փոխարեն, 26 500 դրամի փոխարեն:

Փաշինյանն հայտնեց նաև, որ նախատեսվում է կենսաթոշակների ավելացում 2023թ-ի հուլիսի 1-ից:

«Ապրիլի դրությամբ 1 քաղաքացուն տրվող հետվճարը միջինում եղել է 3140 դրամ: Մոտավորապես միջինում այդքան ավելացվել է կենսաթոշակը, մոտավորապես այդքան էլ առաջիկայում կբարձրացնենք, դրա արդյունքում մի քիչ էլ կբարձրանա հետվճարը, և մենք կունենանք թոշակի բավականին շոշափելի բարձրացում: Եվ մեր քաղաքականությունն այս առումով շարունակվելու է»:

Թոշակների բարձրացման չափը, ըստ վարչապետի, բավարար չէ, սակայն պետք է հաշվի առնել նաև, որ թոշակառուները մեր երկրի ամենամեծ սոցիալական շերտերից մեկն է: Մենք ունենք մոտ 560 000 թոշակառու, իսկ աշխատողների թիվը ՀՀ-ում կազմում է 710 000 մարդ, որոնց ստեղծած արդյունքից է կախված, թե ինչքան թոշակ են ստանում թոշակառուները:

«Էլ չեմ ասում, որ մոտ 90 000 ընտանիք էլ նպաստառու է:  Այդ ընտանիքներում կան մարդիկ, ովքեր ակնհայտորեն աշխատունակ են, բայց, գուցե նաև մեր վարած սխալ քաղաքականության արդյունքում,  չեն ցանկանում աշխատել»,–ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ այսօր հստակ աշխատուժի պակաս կա: Նա նաև նշեց, որ խորհրդարանի աջակցությունն է ակնկալում սոցիալական քաղաքականությունների բարեփոխումների ճանապարհին, որպեսզի կարողանանք հնարավորինս արդար սոցիալական համակարգ ունենալ երկրում:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով