«Մենք պարտքի կառավարման ռազմավարություն ունենք: Կառավարության ծրագրով նաև արձանագրել ենք, որ մինչև 2026թ պարտքի ցուցանիշը ՀՆԱ-ի նկատմամբ 60 տոկոսից ցածր լինելու դեպքում մենք գոհ կլինենք…2022-ի արդյունքներով պետական պարտք-ՀՆԱ ցուցանիշը կազմում է 46.7 տոկոս: 2017-ին այդ ցուցանիշը եղել է 58.9 տոկոս»: Այս մասին հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումներում:
Փաշինյանը չհերքեց, որ նոմինալ պարտքը մեծացել է: Սակայն, ըստ նրա, մեծացել է նաև հասկանալի պատճառներով, որովհետև, վարկային ծրագրեր կան, օրինակ՝ Հյուսիս-հարավը և այլն, որոնք պլանավորված է եղել իրականացրել արտաքին ռեսուրսների հաշվին: Բացի այդ, Կորոնավիրուսի կառավարումը ևս շատ մեծ ռեսուրսներ է պահանջել, և արտաքին պարտքն այդ ժամանակ նույնպես մեծացել է:
«Պարտք ասելով՝ մենք նկատի ունենք վարկային բեռը….Շատ կարևոր է արձանագրել, որ շատ վաղուց Հայաստանում պարտքը ծախսում ենք միայն կապիտալ նպատակներով և մենք ընթացիկ ծախսեր իրականացնելու համար պարտք չենք վերցնում, այսինքն՝ թոշակ, աշխատավարձ բարձրացնելու համար պարտք չենք վերցնում: Ընթացիկ ծախսերի դեպքում, երբ մի անգամ այդ ծախսը ստանձնեցիր, այն հավերժ մնում է»,-պարզաբանեց վարչապետը:
Նա ընդգծեց, որ աշխատավարձերի բարձրացման համար միայն սեփական եկամուտներն են օգտագործում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում