Ո՞ր մարզերում է նախատեսվում կառուցել կրթահամալիրներ ու դպրոցներ. Կառավարությունը պետբյուջեից հատկացում է արել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read
ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում՝ 396 մլն 600 հազար դրամ գումարի չափով:
Գումարը կուղղվի ՀՀ Արագածոտնի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում 42 հաստատության՝ 20 կրթահամալիրի ստեղծման և 22 դպրոցի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակմանը ու փորձաքննության ծառայությունների ձեռքբերմանը։
Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ այս որոշումը ևս մեկ քայլ է՝ Կառավարության կարևորագույն թիրախներից մեկի՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրի իրականացման ուղղությամբ։
Ժաննա Անդրեասյանը հիշեցրել է, որ ՀՀ կառավարության ևս երկու որոշմամբ հաստատվել են Արարատի և Կոտայքի մարզերում 25 կրթահամալիրների և դպրոցների, իսկ Սյունիքի մարզում՝ գյուղական բնակավայրերի 40 հաստատությունների ցանկերը:
«Այսպիսով՝ Կառավարության երեք որոշմամբ 107 հաստատությունների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման աշխատանքների համար հատկացվել են միջոցներ, որոնցից շուրջ 60-ը կրթահամալիներ են, որոնք գործում են նաև որպես մանկապարտեզներ: Այս որոշումները վերաբերում են շուրջ 30 հազար դպրոցահասակ երեխաների, որոնք հնարավորություն կունենան հաճախելու բոլորովին նոր, անվտանգ և արդիական գույքով հագեցված դպրոցներ և կրթահամալիրներ»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ առաջիկայում նման որոշումներ կլինեն նաև Շիրակի, Լոռու, Վայոց ձորի, Տավուշի և Երևանի համար՝ ամբողջացնելով ողջ հանրապետությունը:
TAGGED:
Share This Article