Ովքե՞ր կարող են դառնալ գյուղատնտեսության աջակցության ծրագրի շահառուները. երբ և ինչպես դիմել

3 Min Read

Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2023-2025 թվականներին և ընդգրկելու է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը։

Ծրագրի հիմնական նպատակն է հողերի միավորման պետական աջակցության միջոցով խթանել արտադրողականության բարձրացմանը և ինքնարժեքի իջեցմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, հողերի նպատակային օգտագործմանը և արդյունավետ կառավարմանը, նպաստել գյուղատնտեսության ոլորտում ներդրումների ծավալների ավելացմանը և մրցունակության բարձրացմանը։

Ծրագրի մասնակիցներն են ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը (շահառու) և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:

Ծրագիրն իրականացվելու է միավորված (կոնսոլիդացված) հողամասում շահառուի կողմից իրականացված աշխատանքների համար փաստացի կատարված ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով։

Ծրագրից օգտվելու նպատակով փոխհատուցման պայմանագիր կնքելու համար շահառուն մինչև հողերի գնման և միավորման աշխատանքներ սկսելը Էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում դիմում և տեղեկանք Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեից՝ իր անվամբ անշարժ գույքի միավորների նկատմամբ գրանցված իրավունքների վերաբերյալ:

Փոխհատուցման պայմանագրի կնքումից հետո՝ յուրաքանչյուր եռամսյակի վերջին աշխատանքային օրը, շահառուն Էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում հաշվետվություն, որը ներառում է շահառուի կողմից տվյալ եռամսյակի ընթացքում իրականացված՝ հողամասերի ձեռքբերման և դրանց միավորման գործընթացների, իսկ միավորման գործընթացները սույն ծրագրին համապատասխան և օրենսդրությամբ սահմանված կարգով ավարտելուց հետո՝ միավորված հողամասում ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման վերաբերյալ տեղեկատվություն։

Ծրագրով չնախատեսված աշխատանքների կատարման համար փոխհատուցում չի տրամադրվում:

Միավորված (կոնսոլիդացված) հողամասի հանրագումարային մակերեսը պետք է կազմի առնվազն 10 հա, ընդ որում՝ փոխհատուցումը տրամադրվում է ոչ ավելի, քան 200 հա (ներառյալ) միավորված հողամասում կատարված աշխատանքների դիմաց։

Միավորված հողամասի ընդհանուր մակերեսում՝

  • առանձին գույքային միավոր հանդիսացող հողամասերի միավորների քանակը  պետք է լինի 10-30 հա (30 հա ներառյալ) միավորված հողամասի դեպքում առնվազն 5 միավոր, 30-100 հա (100 հա ներառյալ) միավորված հողամասի դեպքում առնվազն 10 միավոր, 100-200 հա (200 հա ներառյալ) միավորված հողամասի դեպքում՝ առնվազն 20 միավոր, ընդ որում՝ նշված միավորները չեն ներառում մինչև փոխհատուցման պայմանագրի կնքումը շահառուին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի միավորների քանակը,
  • մինչև փոխհատուցման պայմանագրի կնքումը շահառուին սեփականության իրավունքով պատկանող հողամաս(եր)ի ընդհանուր մակերեսի չափը չի կարող գերազանցել միավորված հողամասի ընդհանուր մակերեսի 20%-ը,
  • առանձին գույքային միավոր հանդիսացող յուրաքանչյուր հողամասի ձեռքբերումը, բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված հողամասերի, պետք է իրականացվի փոխհատուցման պայմանագրի կնքումից հետո,
  • միավորվող առանձին գույքային միավոր հանդիսացող հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքները պետք է գրանցված լինեն փոխհատուցման պայմանագրի կնքման օրվանից առնվազն 2 տարի առաջ։

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ծրագրի մասնակցության դիմում

Փոխհատուցում տրամադրելու մասին պայմանագիր

Եռամսյակային հաշվետվություն ներկայացնելու ձևաչափ

 

Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչություն` 011 297 338, Գյուղատնտեսական ծրագրերի նախագծման վարչություն՝ 011 523 793 հեռախոսահամարով։

 

 

Կիսվեք այս հոդվածով