Ինչպես տեղեկացավ BanksNews.am-ը, Երևանի քաղաքապետի 2013 թվականի որոշմամբ՝ Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի անվան զբոսայգու՝ օտարման ոչ ենթակա հողամասն ուղղակի վաճառքով՝ 3 մլն 712 հազար 464 դրամով, օտարվել է Նոր Նորք համայնքի նախկին ղեկավար Դ.Պ.-ի կնոջը՝ Ռ.Գ.-ին, որդուն և դստերը: Վերջիններս 2018 թվականի ապրիլի 10-ին զբոսայգում գտնվող 76,8 քմ սրճարանն ու 533,4 քմ հողամասը 45 մլն 790 հազար դրամով վաճառել են քաղաքացի Մ.Հ.-ին:
Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունում, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակում, ուսումնասիրվել է Նանսեն 26 հասցեում գտնվող սրճարանի օտարման գործը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետի 2006 թվականի օգոստոսի 30-ի որոշմամբ՝ Նանսեն փողոցի 26 հասցեում գտնվող թիվ 741 սրճարանի ժամանակավոր կառույցի զբաղեցրած 533,4 քմ մակերեսով հողամասը, անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով, տրվել է «Երևանի Նոր Նորք թաղային համայնքի ղեկավարի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկին: Քաղաքապետարանի և համայնքի ղեկավար Դ.Պ.-ի միջև կնքվել է պայմանագիր, տրվել է սեփականության իրավունքի վկայական, որում հողամասի նպատակային նշանակությունը նշվել է «բնակավայրեր», օգտագործման նպատակը՝ սրճարանի կառուցում և սպասարկում:
Նոր Նորք համայնքի ղեկավար Դ.Պ.-ի՝ 2006 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 310 որոշմամբ՝ 76,8 քմ մակերեսով շինությունները 1 մլն 485 հազար դրամով՝ ուղղակի վաճառքով, օտարվել են իր կնոջը՝ Ռ.Գ.-ին:
2007 թվականի հունվարի 19-ին համայնքի ղեկավար Դ.Պ.-ի և Ռ.Գ.-ի անվամբ տրվել է սեփականության իրավունքի վկայական: Հողամասի իրավունքի տեսակը նշվել է «Վարձակալություն», իսկ «Լրացուցիչ նշումներ» բաժնում արձանագրվել է, որ հողամասն ընդգրկված է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետի սահմանափակումների ցանկում (օտարման ոչ ենթակա հողեր):
Դ.Պ.-ի մահվամբ պայմանավորված՝ 2010 թվականի սեպտեմբերի 2-ին Ռ.Գ.-ի կնոջը, դստերը և որդուն ժառանգության իրավունքով, ի թիվս այլ գույքերի, անցել է նաև նշված գույքը, նրանց տրվել է սեփականության իրավունքի վկայական, որում կրկին արձանագրվել է, որ հողամասն ընդգրկված է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետի սահմանափակումների ցանկում:
2012 թվականի նոյեմբերի 16-ին Ռ.Գ.-ն գրություն է ուղարկել Քաղաքապետարան՝ նշելով, որ այգու սահմանները ճշտվել են, իրենց զբաղեցրած հողամասն այգու սահմաններում չէ և խնդրել է ուղղակի վաճառքով 533,4 քմ հողամասը ևս օտարել իրեն:
Քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Ա.Մ.-ն և Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Ա.Ք.-ն եզրակացություն են տվել, համաձայն որի՝ հողամասն ընդգրկված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում, այն դեպքում, երբ Ռ.Գ.-ն դիմումին կից ներկայացրել է վերոնշյալ սեփականության իրավունքի վկայականի պատճենը՝ հողամասը Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետի սահմանափակումների ցանկում ընդգրկված լինելու մասին նշումով: Արդյունքում, Քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության կողմից կազմվել է Երևանի քաղաքապետի որոշման նախագիծ, որը ստորագրվել է քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի կողմից:
Այնուհետև, Երևանի քաղաքապետի 2013 թվականի փետրվարի 25-ի թիվ 723-Ա որոշմամբ՝ հողամասն ուղղակի վաճառքով՝ 3 մլն 712 հազար 464 դրամով, օտարվել է Ռ.Գ.-ին, վերջինիս որդուն և դստերը, որոնք 2018 թվականի ապրիլի 10-ին 76,8 քմ սրճարանն ու 533,4 քմ հողամասը 45 մլն 790 հազար դրամով վաճառել են քաղաքացի Մ.Հ.-ին:
Հաշվի առնելով, որ իրականացված ուսումնասիրության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք 2012 թվականի նոյեմբերին հողամասի կեղծ հատակագիծ և եզրակացություն են կազմել և դրանց հիման վրա Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումներում ընդգրկված 533,4 քմ մակերեսով հողամասն ապօրինաբար օտարվել է քաղաքացուն, Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունը 2023 թվականի մայիսի 19-ին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:
Հակակոռուպցիոն կոմիտեում նույն օրը նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածներով (պաշտոնեական կեղծիք կատարելը):
Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում, համայնքային սեփականություն հանդիսացող տարածքը համայնքին վերադարձնելու նպատակով՝ հայց կներկայացնի Վարչական դատարան:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում