Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ հայտնվել Արևմուտքի պատժամիջոցների տակ․ Նիկոլ Փաշինյան

1 Min Read

Արևմուտքի բոլոր գործընկերների հետ խոսակցություններում քննարկվում է Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցները չխախտելու նկատմամբ հսկողությունը խստացնելու հարցը։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Միևնույն ժամանակ՝ պատժամիջոցների հարցը նաև Հայաստանի և Ռուսաստանի քննարկումների օրակարգում է, նշեց վարչապետը։

«Արևմտյան մեր բոլոր գործընկերների հետ խոսակցություններում այդ հարցը քննարկվում է, այդ հարցը բարձրացնում են մեր առաջ։ Բայց դրանից առաջ էլ այդ հարցը եղել է Ռուսաստանի հետ մեր քննարկումների օրակարգում։ Եվ մենք, երկուսի հետ հարաբերվելիս, տալիս ենք նույն արձագանքը․ մենք ասում ենք, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, Ռուսաստանի հետ ունի ռազմավարական գործընկերային հարաբերություններ, տնտեսական խորը և ռազմավարական նշանակության հարաբերություններ, բայց Հայաստանը նաև այդ և այլ հանգամանքների բերումով չի կարող իրեն թույլ տալ, որ հայտնվի Արևմտյան պատժամիջոցների տակ։ Հետևաբար, Ռուսաստանի հետ հարաբերություններում մենք կգործենք ամբողջապես այն ծավալով, որը մեզ թույլ կտա չհայտնվել Արևմտյան պատժամիջոցների ներքո։ Նախ Հայաստանն այդքան ռեսուրս չունի, որ հայտնվի նման պատժամիջոցների տակ, բացի այդ՝ եթե մենք նման պատժամիջոցների տակ հայտնվենք, մեր ոչ մի դաշնակցի համար դա լավ չի լինի, իսկ մենք կփչացնենք մեր հարաբերությունները Արևմտյան գործընկերների հետ»,- ասաց Փաշինյանը։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով