Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում քննարկվող հարցերի մեկը մայրաքաղաքի օդի աղտոտվածությունն էր: Ինչպես տեղեկացավ BanksNews.am-ը, hաշվի առնելով Երևանում օդի աղտոտվածության մակարդակը՝ համայնքը կնախաձեռնի հատուկ չափիչ սարքերի տեղադրման գործընթաց: Սա, ըստ էության, կլինի «Խելացի քաղաք» հայեցակարգի ներդրման առաջին՝ փորձնական ծրագիրը, որը հնարավորություն կտա մանրամասն տեղեկատվություն ստանալ օդի աղտոտվածության հարուցիչների վերաբերյալ և հստակ ուղղություններով կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել:
Ինչպես ներկայացվեց նիստում, երևանյան շինհրապարակներում պետք է տեղադրվեն միջազգային չափորոշիչներին համապատասխանող սարքավորումներ: Նախագիծը կյանքի կոչելու համար Երևանի քաղաքապետարանն աշխատանքներ է տանում Ասիական զարգացման բանկի հետ՝ տեխնիկական աջակցության միջոցների տրամադրման և միջազգային խորհրդատուի ներգրավման նպատակով:
Համայնքն, ի դեպ, կառուցապատող ընկերությունների առջև արդեն իսկ շինհրապարակներում փոշեորսիչ ցանցերի առկայության հստակ պահանջ է դրել: