Հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է Էկոնոմիկայի նախարարության 2022 թ. պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը:
2022 թվականին Էկոնոմիկայի նախարարության դրամարկղային ծախսը կազմել է 53 միլիադ 353 միլիոն դրամ, հաշվեքննվել է 41 միլիարդ 450 միլիոն դրամը, հաշվեքննված միջոցառումների թիվը եղել է 12: Այդ մասին Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության ու Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին զեկուցեց ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ Կարեն Առուստամյանը՝ էկոնոմիկայի նախարարության 2022-ի պետբյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ եզրակացությունը ներկայացնելիս:
Հաշվեքննության ենթարկված միջոցառումների շրջանակում արձանագրվել է ավելի քան 30 առանձին դեպքով անհամապատասխանություն, իսկ արձանագրված անհամապատասխանությունների արդյունքում բացահայտվել է տարբեր հաշվետվությունների և ֆինանսական ցուցանիշների խեղաթյուրման 12 դեպք՝ 601 միլիոն դրամի չափով:
Խախտումներ են արձանագրվել նաև գյուղատնտեսական հումքի մթերումների, գնումների նպատակով տրամադրվող վարկերի սուբսիդավորման ծրագրում. խախտվել են վարկերի մարման ժամկետների մասով կնքված պայմանագրերը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր ելույթում պարզաբանումներ է ներկայացրել անհամապատասխանությունների եւ խեղաթյուրումների վերաբերյալ: Նա կարեւոր է համարել Հաշվեքննիչ պալատի հետ համագործակցությունը, ինչը հնարավորություն է տալիս եւս մեկ անգամ քննարկել ու լուծման ուղիներ գտնել հայտնաբերված թերացումները շտկելու համար: Վահան Քերոբյանը համաձայնություն է հայտնել Հաշվեքննիչ պալատի որոշ եզրակացությունների հետ եւ փաստել, որ իրավապահ մարմիններն արդեն քննության առարկա են դարձրել մի քանի անհամապատասխանություններ: