Ֆինանսական աջակցություն կտրամադրվի երեխա ունեցող ընտանիքներին. Կառավարություն

2 Min Read
Կապահովվի երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության տրամադրման գործընթացը. 420 շահառուների համար կհատկացվի 300 մլն դրամ:

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի 2023 թ․ երկրորդ եռամսյակի բյուջեն կհամալրվի 300 մլն դրամով․ Կառավարության նիստում նախագիծը հավանության է արժանացել։

Ինչպես տեղեկացավ Banksnews.am-ը, ծրագրերի շրջանակում ապրիլի 30-ի դրությամբ՝ արդեն իսկ աջակցություն է ստացել 957 շահառու․ վճարվել է շուրջ 643 մլն դրամ։ Եվս 320 շահառուի հայտ բավարարվել է, և առաջիկայում կֆինանսավորվի, որի ընդհանուր գումարը կազմում է 300 մլն դրամ։
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023թթ․ ծրագրերի շրջանակում պետության կողմից աջակցություն է տրամադրվում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող (բերած) կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած քաղաքացիներին։
Առաջին ծրագրով՝ միանվագ դրամական աջակցություն է տրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով։
Երկրորդ ծրագրով՝ հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն՝ կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրական վճարի իրականացման համար։

Երրորդ ծրագրով՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում՝ ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն։

 Միջոցառումներից օգտվելու համար քաղաքացին պետք է դիմի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած որևէ բանկ կամ վարկային կազմակերպություն՝ բացառությամբ երրորդ ծրագրի, որի դեպքում, եթե տվյալ բանկի հետ պայմանագիր առկա չէ, անհրաժեշտ է ներկայացնել բանկից տեղեկանք և այլ անհրաժեշտ փաստաթղթեր։ Այդ դեպքում՝ քաղաքացին դրանք կարող է ներկայացնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն կամ դիմել էլեկտրոնային եղանակով՝ e-request.am հարթակի միջոցով։

Ծրագրերի մասին առավել մանրամասն՝ https://bit.ly/3Imzhd1
TAGGED:
Share This Article
138 Comments