Մայիսի 16-ին տեղի է ունեցել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող «Մաքսային վարչարարության զարգացման» 2-րդ ծրագրի պաշտոնական մեկնարկի արարողությունը:
Մասնակցել են ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, Համաշխարհային Բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը, ՀՀ կառավարության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ծրագիրն իրականացնում է Համաշխարհային Բանկը՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ:
Շնորհակալություն հայտնելով միջոցառման մասնակիցներին ակտիվ համագործակցության համար, կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը վստահություն է հայտնել, որ ծրագրի երկրորդ փուլում ևս կարձանագրվեն նշանակալի ձեռքբերումներ և հաջողություններ:
Միջազգային կառույցների ներկայացուցիչների գնահատմամբ՝ մաքսային վարչարարության զարգացման ծրագրի առաջին փուլի նշանակալի արդյունքներով ազդարարվում է բարեփոխումների երկրորդ փուլը:
Ստորագրվել է «Մաքսային վարչարարության զարգացման» 2-րդ ծրագրի շրջանակում փոխգործակցության հուշագիր:
«Մաքսային վարչարարության զարգացման» 2-րդ ծրագրի շրջանակում նախատեսվում է ցուցաբերել աջակցություն մաքսային վարչարարության առաջիկա 5 տարիների ռազմավարության և գործողությունների ծրագրի մշակմանը, ՊԵԿ հետբացթողումային հսկողության ուժեղացման և բիզնես-գործառույթների վերանայման գործընթացին, արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների շրջանում հարցումների իրականացմանը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև մաքսային ծառայողների համար անցկացնել ուսումնական դասընթացներ, աջակցելմաքսային ծառայության վարքագծի կանոնների և աշխատանքի գնահատման նոր համակարգի մշակմանը, ինչպես նաև վարքագծային վերլուծության արդյունքում մաքսային ծառայությունների ու սպասարկման որակի բարձրացմանը և այլ ուղղություներին:
Ծրագրի հիմնական արդյունքներն ուղղված կլինեն մաքսային գործընթացների բարելավմանը, ՊԵԿ կառուցվածքային և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, մաքսային վարչարարության նկատմամբ բիզնեսի վերաբերմունքի գնահատմանը:
«Մաքսային վարչարարության զարգացման» 2-րդ ծրագիրն ավարտվելու է 2025 թ. մարտին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում