Սևանա լիճը կրիտիկական վիճակում է․ այն կարող է ճահճանալ․ բնապահպան

2 Min Read

Սևանա լճից հերթական անգամ ջրառ կկատարվի։ Կառավարության սույն որոշման նախագծով նախատեսվել է լճից ոռոգման նպատակով մինչև 170 մլն մ3 ծավալով բացթողում:

Banksnews.am-ի հետ զրույցում բնապահման Սիլվա Ադամյանը ներկայացրեց իր մտահոգությունները լճի էկոհամակարգի վերաբերյալ։

«Հիմա վիճակն այնպիսին է, որ արդեն լուրջ խնդիրներ ունենք, չնայած նրան, որ սիգի որսը սահմանափակել են և ձկան քանակությունն է շատացել։ Դա, ցավոք սրտի, բավարար չէ, որպեսզի ամբողջ էկոհամակարգը կարգի բերեն։ Բազմիցս խոսել ենք, մասնագետները ելույթներ են ունեցել, ասել են, որ առաջին պայմանն այն է, որ Սևանա լճից մոտակա 5 տարին պետք է ջրառ չարվի կամ շատ քիչ քանակությամբ, աննշան՝ ջուրն ուղղակի թարմացնելու համար»,- նշեց Ադամյանը։

Նրա խոսքով՝ ունենք կրիտիկական իրավիճակ Սևանա լճում, իսկ լճի էկոհամակարգի վերականգնմանը լուրջ վերաբերմունք մեզ մոտ չկա։

«Մեր քաղաքականությունը կապված ջրի սակավության հետ մինչ օրս շարունակվում է, և Սևանը դիտարկում են ոչ թե էկոհամակարգ, այլ որպես լիճ, որից կարելի է ջուր վերցնել ու օգտագործել գյուղատնտեսության համար։ Այստեղ մի խնդիր էլ կա։ Մենք բազմիցս փորձել ենք հարցում անել գյուղացիներից, թե արդյո՞ք ջուրը հասնում է իրենց, և իրենք օգտագործում են այդ ջուրը: Գյուղացիների մոտ էնպիսի տրամադրվածություն կա, որ այդ ջրի շատ քիչ մասն է իրենց հասնում։ Թե ուր է գնում այդ ջուրը, մեզ համար ահհասկանալի է»:

Հարցին՝ արդյո՞ք չկան վարկածներ, թե ուր կարող է գնալ ջուրը, Ադամյանը պատասխանեց․

«Եղել է մի հանդիպում տարիներ առաջ Սևան-Հրազդան կասկադի տնօրինության հետ։ Այդ տարիներին Ասիական զարգացման բանկը շատ մեծ գումարներ են տվել Սևան-Հրազդան կասկադին վերակառուցման, էներգետիկայի վերականգնման համար։ Մենք այդ խնդիրը բարձրաձայնեցինք, գնացինք նախարարի մոտ, և հենց տեղում հարցրինք՝ գիտե՞ք, որ իրենք էնտեղից ջուր են վերցնում, օգտագործում են էներգիա ստանալու համար։ Այդ խնդիրը միշտ եղել է, և ապացուցվել է և նույնիսկ բանկին է ներկայացվել այդ հարցը»։

Անդրադառնալով վտանգներին, բնապահպանը նշեց, որ լիճը կարող է ճահճանալ․

«Պարզ բոլորիս աչքի առաջ լիճը կանաչում է, դա կապված է նրա հետ, որ երբ բջրի մակարդակն իջնում է, ջրի ջերմաստիճանը բարձրանում է, ձկնային պաշարների քանակությունը քիչ է, ջրիմուռները շատանում են, ջուրը սկսում է կանաչել։ Դա կարող է բերել լճի ճահճացմանը, ինչը մենք նկատում ենք տարեցտարի»։

Կիսվեք այս հոդվածով