Սևանա լճից ջրառ կկատարվի ոռոգման դեֆիցիտը մասնակի մեղմելու համար

2 Min Read

Կառավարության այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի շարքում ընդունվեց «Ոռոգման նպատակով 2023 թվականին Սևանա լճից ջրառի մասին» որոշման նախագիծը, որով նախատեսվում է լճից ոռոգման նպատակով մինչև 170 մլն մ3 ծավալով բացթողում։

«Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող ոռոգելի հողերից 2023 թվականի ոռոգման շրջանում, ջրօգտագործողների կողմից ներկայացված ջրապահանջի համաձայն, պայմանագրային ոռոգվելիք հողատարածությունների մակերեսը կազմել է շուրջ 31.3 հազ հա, իսկ ոռոգման ջրի պահանջարկը համակարգերի գլխամասերում և Հրազդան գետի հունի լվացման (Աղբյուրակի ջրամբարից մինչև Երևանյան լիճ) նպատակով գետի հունով բացթողնվող ջրի ծավալը կկազմի շուրջ 521 մլն մ3:
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը` Նշված ծավալի ջրի պահանջարկը նախատեսվում է ապահովել Հրազդան գետից շուրջ 172 մլն մ3, Ազատի ջրամբարից շուրջ 45 մլն մ3, Ապարանի ջրամբարից շուրջ 5 մլն մ3 ջրաքանակներով` հաշվի առնելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի` ՀՀ գետերի 2023թ. գարնանային վարարումների տարրերի կանխատեսումը: Միաժամանակ նախատեսվում է Մխչյանի և Ռանչպար-Արևշատ պոմպակայանների առավելագույն հզորությամբ գործարկմամբ ապահովել շուրջ 31 մլն մ3 ջրարտադրություն (ընդամենը՝ 253 մլն մ3):

Պահանջարկի և վերը նշված ջրային օբյեկտներից հնարավոր ջրառի՝ ջրառաջարկի տարբերությունը կազմում է շուրջ 268 մլն մ3, սակայն, ղեկավարվելով <<Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին>> ՀՀ օրենքի պահանջով, ՀՀ կառավարության սույն որոշման նախագծով նախատեսվել է լճից ոռոգման նպատակով մինչև 170 մլն մ3 ծավալով բացթողում:

Այսպիսով, ոռոգման հաշվարկված ջրապահանջի (շուրջ 521 մլն մ3) և հնարավոր ջրառաջարկի (253+170=423 մլն մ3) տարբերությունը (դեֆիցիտ) կազմում է շուրջ 98 մլն մ3, որտեղ հաշվի չեն առնվել ամառային ամիսների եղանակային պայմանների հնարավոր փոփոխությունները (լիազոր մարմնի կողմից ներկայացվել է ճշգրտված կանխատեսումը)»,- մասնավորապես նշված է հիմնավորման մեջ:

TAGGED:
Share This Article