Կառավարության այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի շարքում ընդունվեց Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը գործողությունների պլանը։
Փաստաթղթում նախանշվում են հանրապետությունում հանքարդյունաբերության ոլորտի զարգացման կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ուղղությունները:
«Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության (մինչև 2035 թ.) մշակման հիմնական նպատակն է ոլորտի կարգավորման ու զարգացման, ընդերքի ռացիոնալ և համալիր օգտագործման, բնապահպանական և առողջապահական ռիսկերի կառավարման ու մեղմման, եկամուտների համաչափ/արդարացի բաշխման մեխանիզմների սահմանումը, որոնք կնպաստեն Հայաստանի տնտեսության երկարաժամկետ զարգացմանը։ Փաստաթղթում նախանշվում են հանրապետությունում հանքարդյունաբերության ոլորտի զարգացման կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ուղղությունները»,- նշված է հիմնավորման մեջ:
Ըստ նախագծի՝ Ռազմավարությունում նախանշված հայեցակարգային սկզբունքների, ռազմավարական ուղղությունների ու նպատակների իրագործումը կնպաստի հանքարդյունաբերության ոլորտում հետևյալ բարեփոխումներին`
ա) Երկրի ընդերքի պետական հաշվառում, օգտակար հանածոների արդյունավետ օգտագործում ու կայուն զարգացում.
բ) սեփական միջոցներով կամ մասնավոր ընկերությունների հետ համագործակցությամբ երկրաբանական նոր ուսումնասիրությունների իրականացում.
գ) երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքների, առկա պաշարների և արդյունահանման ծավալների վերաբերյալ հավաստի և թվայնացված տեղեկատվական բազայի առկայություն.
դ) արդյունահանվող հանքանյութերի առավել խորը վերամշակման համար անհրաժեշտ պայմանների ստեղծում.
ե) պոչամբարների և դրանց պատվարների անվտանգություն ու կայունություն.
զ) հանքերի փակման և ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների տարածքների ռեկուլտիվացիային առնչվող բարելավված և գործուն, միջազգային լավագույն փորձին համահունչ կարգավորումների առկայություն.
է) բարելավված, միջազգային լավագույն փորձին և ստանդարտներին համահունչ, հստակ և առանց տարընթերցումների հանքարդյունաբերական ոլորտին առնչվող շրջակա միջավայրի օրենսդրություն.
ը) միջոցառումների իրականացման արդյունքում իրավական միասնական համակարգի առկայություն, որի շրջանակներում տարբերակված մեթոդներ կկիրառվեն պետական և մասնավոր սեփականություն հանդիսացող հողերի համալիր իրավունքների տրամադրման համատեքստում.
թ) լիարժեք գործող, միջազգային լավագույն փորձին և ստանդարտներին համահունչ աշխատանքի անվտանգության և առողջության պահպանության օրենսդրություն.
ժ) հանքարդյունաբերության՝ որպես հարկաբյուջետային կայուն և երկարաժամկետ եկամուտներ ապահովող ոլորտի զարգացման համատեքստում պետական եկամուտների հաշվարկման, հավաքագրման ընթացակարգերի և գործիքակազմի արդյունավետ կիրարկում.
ժա) ներդրումային գրավիչ միջավայրի ձևավորում.
ժբ) հանքարդյունահանող ընկերությունների և տեղական համայնքների միջև համայնքների զարգացման համաձայնագրի/պլանի պատշաճ կերպով կիրարկում.
ժգ) հաշվետվողականության համալրված և ամբողջական պահանջների սահմանում.
ժդ) խոցելի խմբերին և կանանց ուղղված թիրախային քաղաքականության մշակում.
ժե) կարողությունների զարգացում և կրթական ոլորտի բարեփոխումների իրականացում: