Մոտ 700-800 հայկական բեռնատար հերթի մեջ է, չի կարողացել հատել ռուսական սահմանը․ մաքսային կցորդի պարզաբանումը

3 Min Read

Հայաստանում հեղուկ գազի շուկայում վերջին 2 շաբաթվա ընթացքում ցնցումներ են։ Ոլորտի պատասխանատուների կողմից խոսվում է դեֆիցիտի մասին, մյուս կողմից հեղուկ գազի գինը կրկնակի թանկացել է 110-120 դրամից հասնելով մինչև 200-220 դրամի։

Խնդիրը Լարսի անցակետում հերթերն են, որի պատճառով գազով բեռնված մեքենաները չեն կարողանում հասնել Հայաստան։

Banksnews.am խնդրի առնչությամբ կապ հաստատեց Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանի հետ, ով ներկայացրեց ընթացիկ իրավիճակը։

«Իրականում խնդիրներ կան դրա հետ կապված, ռուսական կողմում 2 ռենտգեն սարքավորում չէին աշխատում, դրա հետ կապված վրացական կողմում հերթեր էին կուտակվել, բայց արդեն մոտ մեկ շաբաթ է, ինչ վերականգնվել է այդ սարքերի աշխատանքը և հերթերը սկսել են կրճատվել։ Գազատարները վրացական կողմից հասել են Ռուսաստան, լիցքավորվում են և արդեն ետ են վերադառնում Հայաստան։ Վերջին 2-3 օրում առնվազն 80 գազատար արդեն ուղևորվել է Հայաստան, կարծում եմ դրանց մի մասն արդեն Հայաստանում է, մի մասն այսօր-վաղը կհասնի։ Այն, ինչ վերաբերում է դեֆիցիտին, որ առաջ չէին կարողանում հասնեին Հայաստան, գազը բերեին, հիմա այս պահին այդ խնդիրը չկա»,- նշեց Հակոբյանը։

-Խոսակցություններ են պտտվում, որ որոշ ներկրողներ ստիպված են լինում սահմանը հատելու համար գումար վճարել, ինչն էլ արտացոլվում է Հայաստանում հեղուկ գազի գնի մեջ։ Տեղյա՞կ եք՝ դա որքանով է համապատասխանում իրականությանը։

-Նման խոսակցություններ միշտ լինում են, բայց ոչ մի պաշտոնական ապացույց կա՛մ չի լինում, կա՛մ չկա։ Միգուցե պատահում են նման բաներ ինչ-որ անհատների հետ կապված, առանձին դեպքեր, բայց նման բաները պաշտոնապես մեկնաբանելը հնարավոր չէ ու ճիշտ չէ։

-Իսկ առանձին ապրանքներ տեղափոխող մեքենաների համար կա՞ն արդյոք առավելություններ անցակետն անցնելիս։

-Գազատարները որպես պայությունավտանգ ապրանքներ ռուսական կողմը միշտ առանց հերթերի է բաց թողնում, եթե փաստաթղթերի հետ ամեն ինչ կարգին է։ Մյուս բեռնատարների համար հերթի մեջ չի սպասվում, գյուղմթերքն էլ որպես շուտ փչացող ապրանք միշտ ունի առավելություն և՛ վրացական, և՛ ռուսական կողմում ու օգտվում են դրանից։

-Այժմ մոտավորապես քանի բեռնատար է սպասում իր հերթին  Լարսի անցակետում։

– Հայաստանից դուրս է եկել և Ռուսաստանի սահմանը չի հատել մոտ 700-800 հայկական բեռնատար։ Հակառակ կողմում՝ մոտ 100 բեռնատար է սպասում Հայաստան մտնելուն։

Հիշեցնենք, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նախնական ուսումնասիրություն էր իրականացրել հեղուկ գազի շուկայում, մասնավորապես դիտարկվել են վերջին շրջանում արձանագրված գնային փոփոխությունները։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով