Արհեստական բանականության հետագա զարգացումը դարձել է վտանգավոր

3 Min Read

Արհեստական բանականությունը նոր հեղաշրջման մասին ազդարարեց, երբ գործածության մեջ դրվեցին չատբոտերը։ Պարզ դարձավ, որ նրանք մարդկային գործունեության տարբեր ոլորտներում կարող են շատ ավելի լավ դրսևորել իրենց, քան սովորական մահկանացուները։ Այս փաստը միլիոնավոր մարդկանց է անհանգստացնում։

Նույնիսկ արհեստական բանականության  զարգացումը խթանող գիտնականները փաստում են, որ կա մի սահման, որն անցնելու պարագայում կարող են լինել անդառնալի կործանարար հետևանքներ։

Պատկերացրեք մի իրավիճակ, երբ մարդ այլևս տրամաբանելու կարիք չունի։ Նրա փոխարեն ամեն ինչ կատարում է արհեստական բանականությունը։ Անշուշտ, այս հետընթացը մարդու ուղեղի զարգացման մասով մարդկությանն էական կախվածության մեջ կգցի ժամանակակից թվային մեքենաներից։

Մարդկությանը զգուշացվում է, որ արհեստական բանականության զարգացման այս փուլը պետք է ընդհատվի, մինչև մարդկությունը գլոբալ և տեղական մակարդակով կկարողանա կառավարելի դարձնել տեխնոլոգիական այս չափազանց արագ սլացող փոփոխությունները։

Մարդկանց հատկապես հուզում է գործազրկության այն մակարդակը, որը կհաստատվի աշխարհում տեխնոլոգիական այս փոփոխությունների արդյունքում։ Ինչպես OpenAI-ը պարզել է՝ ամերիկյան աշխատուժի 80% – ը պատկանում է այնպիսի մասնագիտությունների, որտեղ առաջադրանքների առնվազն 10% – ը կարող է իրականացվել արհեստական բանականության օգնությամբ:

Մյուս կողմից, աշխատուժի 20%-ը պատկանում է այն մասնագիտություններին, որտեղ արհեստական ինտելեկտը կազդի աշխատանքային առաջադրանքների 50% -ի իրականացման վրա․

Գծապատկեր 1․ ԱՄՆ աշխատանքի շուկայում առկա այն մասնագիտությունները, որոնք ենթարկվում է արհեստական բանականության թույլ և ուժեղ ազդեցություններին

Վերը բերված գծապատկերում տեսնում ենք այն մասնագիտությունները, որտեղ արհեստական բանականության ազդեցությունն այդքան էլ ուժեղ չէ։ Մասնավորապես, առաջին հնգյակի մեջ են ներառված մարզիկները, արագ պատրաստման խոհարարները, խոշոր սարքավորումների օպերատորները, վարսահարդարները և ապակու տեղադրողներն ու վերանորոգողները։


Արհեստական բանականությունն առաջ է անցել բժիշկ-խորհրդատուների


Մյուս կողմից նկատում ենք մասնագիտություններ, որտեղ արդեն արհեստական բանականությունը կարող է ամբողջությամբ կամ մեծամասամբ փոխարինել մարդուն։ Այդ մասնագիտությունների մեջ են ներառված հաշվապահները,  վարչական և իրավաբանական օգնականները, կլիմայի փոփոխության քաղաքականության վերլուծությամբ զբաղվողները, լրագրողները և ստեղծագործողները, ինչպես նաև մաթեմատիկոսները։

Այս իրավիճակում կառավարությունները պետք է հնարավորինս արագ գործեն․
Գծապատկեր 2. Ինչպե՞ս պատրաստվել արհեստական բանականության հնարավոր բացասական հետևանքների մեղմմանը

Թվում է` այս խնդիրը առկա է ԱՄՆ աշխատաշուկայում, սակայն դա այդպես չէ։ Այս գործընթացները մուտք են գործելու բոլոր երկրներ և պետք է պատրաստ լինել։

Արհեստական բանականության բացասական հետևանքները մեղմելու համար պետք է պատրաստվել տնտեսական ճգնաժամի, կրթության ոլորտում փոփոխել վարվող քաղաքականությունը, աշխատողների վերապատրաստման ծրագրերը վերանայել և հատուկ ուշադրություն դարձնել սոցիալական պաշտպանության համակարգին։

Փաստենք, որ այս փոփոխությունները գալու են նաև մեր երկիր՝ Հայաստան։ Օրինակ, Հայաստանը կարիք ունի կրթական համակարգի արմատական փոփոխության։ Այսօր էլ կան մասնագիտություններ, որոնց մասով 4 և ավելի տարի մասնագիտանալուց հետո պարզ է դառնալու, որ այդ աշխատանքում մարդկային գործոնն այնքան էլ նպատակահարմար չէ, քանի որ նոր տեխնոլոգիաներն առավել արդյունավետ են գործում։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով