ՀՀ տնտեսությունն այսօր գործում է ԵՏՄ շրջանակներում։ Մեր տնտեսական քաղաքականության կարևորագույն վեկտորներից է իրագործել այնպիսի քայլեր, որոնք պարփակված են ԵՏՄ շրջանակներով. սա այն պահից սկսած, երբ որոշում ենք կայացրել անդամակցել այդ կառույցին։ Այդ որոշման հիմքերը պատահական չեն և հենված են կոնկրետ հաշվարկների, ինչպես նաև դրական և բացասական կողմերի գնահատման վրա։
ԵՏՄ -ի գործունեությունն ուսումնասիրելիս հատկապես կարևոր նշանակություն ունի ծառայությունների արտահանումը և ներմուծումը ԵՏՄ ներսում․
Գծապատկեր 1․ ՀՀ ծառայությունների արտահանման և ներմուծման ծավալները ԵՏՄ անդամ պետություններ
Համաձայն վիճակագրական տվյալների՝ ՀՀ-ից ԵՏՄ անդամ պետություններ արտահանվել է $4,177 մլն-ի, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ՀՀ ներմուծվել է $2,547 մլն-ի ծառայություն։ Նկատենք, որ 2022թ-ին 2021թ-ի համեմատ ԵՏՄ շրջանակներում ծառայությունների արտահանման ծավալների առավելագույն աճ արձանագրել է Հայաստանը՝ 140,7%-ով։
Երկրորդ հորիզոնականում է Ղրղզստանը՝ 113,1%-ով։
Ծառայությունների ներմուծման ծավալների աճով առաջատար է Ղրղզստանը՝ 93,4%-ով, իսկ երկրորդ հորիզոնականում է Հայաստանը՝ 90,3%-ով։
Վիճակագրական տվյալները փաստում են, որ ՀՀ-ից ԵՏՄ անդամ պետություններ ծառայությունների արտահանման, ինչպես նաև ԵՏՄ անդամ պետություններից ՀՀ ծառայությունների ներմուծման ծավալներում գերակշռել են այցելությունները համապատասխանաբար 58,4% և 50,9% մասնաբաժիններով։
Երկրորդ հորիզոնականում են տրանսպորտային ծառայությունները արտահանման և ներմուծման ծավալներում համապատասխանաբար 13,4% և 30,2% մասնաբաժիններով։
Նկատենք, որ ՀՀ-ից ԵՏՄ անդամ պետություններ ծառայությունների արտահնման ծավալների 17%-ը պատկանում է հեռահաղորդակցման, համակարգչային և տեղեկատվական ծառայություններին։