Տնտեսություն՝ հենված արտագաղթած հայրենակիցների փոխանցումների վրա

2 Min Read

Հայաստանում տեղի ունեցող ներկայիս իրադարձությունները մեծապես պայմանավորված են ՀՀ տնտեսության ոչ կենսունակ մոդելով։ Հայաստանում իշխանության եկած յուրաքանչյուր ղեկավար էլ ավելի է մոդիֆիկացրել առկա ոչ արդյունավետ տնտեսության մոդելը։ Իհարկե, կլինեն կարծիքներ, որ այս տնտեսության շնորհիվ Հայաստանը կարողացավ դիմակայել թուրք-ադրբեջանական ճնշումներին, սակայն դա միայն թյուր պատկերացումներ են ՀՀ տնտեսության իրական վիճակի մասին։

Այս ամենի ձևավորման հիմքերը գալիս են այն քաղաքականությունից, որը ստիպեց մարդկանց մասսայաբար լքել երկիրը։ Այս միտումները շարունակվում են մինչ օրս։ Ցավոք, այս պահին տնտեսության հին մոդելի ապամոնտաժումը և նորի կառուցումը չափազանց բարդացած է, քանի որ երկրում դիտվում է կարևոր արժեքների նկատմամբ վերաբերմունքի շրջադարձային փոփոխություն։ Դրա մասին են վկայում վարչապետի և նրա շրջապատի վերջին ելույթները։

Մինչ այդ Հայաստանը շարունակում է խիստ կախվածություն ունենալ արտասահմանից Հայաստան եկող անձնական դրամական փոխանցումներից․

Գծապատկեր 1․ Դեպի ՀՀ անձնական դրամական փոխանցումների դինամիկան ըստ վճարային հաշվեկշռի 2004-2022թթ ժամանակահատվածում

Ինչպես ցույց են տալիս վիճակագրական տվյալները, 2022թ-ին ՀՀ անձնական դրամական փոխանցումների ծավալները կազմել են  2,03 մլրդ ԱՄՆ դոլար։ Սակայն, այս ցուցանիշը պատմական առավելագույնը չէ։ Դեռևս հեռավոր 2013թ-ին արձանագրվել է 2,2 մլրդ ԱՄՆ դոլար մակարդակը։

Փաստացի ստացվում է, որ 2021թ-ի համեմատ անձնական փոխանցումների ծավալներն աճել են 30%-ով, իսկ 2004թ-ի համեմատ մոտ 3 անգամ։ Ցավոք, այս թվերը խոսում են ոչ թե մեր տնտեսության արդյունավետ դրսևորման, այլ մեր հայրենակիցների չափազանց արդյունավետ արտագնա աշխատանքի մասին։ Հայաստանցիներն ավելի շատ գնահատվում են դրսում, քան սեփական երկրի ներսում։

Հաջորդիվ ծանոթանանք անձնական դրամական փոխանցումների ծավալների կառուցվածքին 2022թ-ին․

Գծապատկեր 2․ Անձնական դրամական փոխանցումների ծավալների կառուցվածքին 2022թ-ին

2022թ-ին արձանագրված դեպի Հայաստան անձնական դրամական փոխանցումների ընդհանուր ծավալների 73%-ը բաժին է ընկնում անձնական տրանսֆերտներին, իսկ 21%-ը՝ աշխատողների զուտ աշխատավարձին։

Ընթերցողներին հիշեցնենք, որ  զուտ աշխատավարձը/եկամուտը սեզոնային աշխատողների կողմից ստացված աշխատավարձն է/եկամուտն է առանց եկամտահարկի, տրանսպորտային ծախսերի և արտերկրում կատարված այլ ծախսումների: Ինչպես նաև արտերկիր սեզոնային աշխատանքի մեկնողների մի մասի ստացած եկամուտը դասկարգվում է ոչ թե որպես աշխատավարձ, այլ որպես ծառայությունների արտահանում, քանի որ նրանց դեպքում չկան գործատու-աշխատող հարաբերություններ: 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով