Նոր անտառ՝ հայկական դրամի 30-ամյակի առթիվ

4 Min Read

ՀՀ կենտրոնական բանկը, Հայաստանի բանկերի միությունը և 18 առևտրային բանկերը «Իմ անտառ Հայաստանի» հետ համագործակցությամբ Հայկական դրամի 30-ամյակի առթիվ հիմնում են 50 հա նոր անտառ Լոռու մարզի Ջրաշեն և Ուրասար համայնքներում՝ տնկելով 160 000 ծառ (կաղնի, թխկի, հաճարենի, լորենի, վայրի տանձ, վայրի խնձոր, ընկուզենի, բոխի և այլ ծառատեսակներ)։ Այսպիսով, ստեղծվող անտառը, որպես մնայուն, ապագային ու կյանքին ուղղված արժեք, խորհրդանշելու է ազգային արժույթի հարատևությունը։


Նոր ստեղծվող անտառի 20 հեկտարը լինելու է Ջրաշեն 2-ում, ևս 30 հեկտարը՝ Ուրասարում։ Համայնքային հողի օգտագործման ժամկետի ավարտին հողերը և դրա վրա ձևավորված անտառային էկոհամակարգը կվերադարձվեն համայնքին: Հայաստանը սակավանտառ երկիր է, և անտառածածկույթի ներկա տոկոսը բավարար չէ երկրի բնական էկոլոգիական հավասարակշռությունը պահպանելու համար։ Այս միջոցառումը ֆինանսաբանկային համակարգի կողմից մնայուն արժեքներ ստեղծելու, սոցիալական պատասխանատվության և բնության պահպանման բացառիկ դերի գնահատման լավագույն օրինակներից է:

Ապրիլի 29-ին անտառհիմնման աշխատանքներին Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի գլխավորությամբ իրենց անհատական մասնակցությունն ունեցան նաև Հայաստանի բանկերի միության խորհրդի նախագահ Մհեր Անանյանը, գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը, առևտրային բանկերի ղեկավարներն ու աշխատակիցները, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական կազմակերպության հիմնադիր տնօրեն Անտրէ Գումուշճեանը և այլ հյուրեր։ Ջրաշեն համայնքում գտնվող «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական կազմակերպության անտառտնկման տարածքում՝ Ջրաշեն 2-ում, բոլոր հյուրերի մասնակցությամբ տեղի ունեցավ խորհրդանշական ծառատունկ, և տնկվեցին հայկական տեղական անտառային ծառատեսակներ։

Ծառատունկից հետո հյուրերն այցելեցին նաև «Իմ անտառ Հայաստան»-ի Գուգարքի «Պենժամին Գումուշճեան» տնկարան, որտեղ կարճ շրջայց կատարելուց հետո Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ՀԲՄ խորհրդի նախագահ Մհեր Անանյանը և «Իմ անտառ Հայաստան»-ի հիմնադիր տնօրեն Անտրէ Գումուշճեանը ստորագրեցին համագործակցության հուշագիր։

«Այսօր սկսում ենք Հայկական դրամի 30-ամյակին նվիրված միջոցառումները, որոնք տեղի կունենան 2023 թվականի ընթացքում։ Շատ խորհրդանշական է, որ առաջինը հենց ծառատունկի միջոցառումն է։ Կենտրոնական բանկը մեծապես կարևորում է մեր երկրի բնապահպանական խնդիրների լուծմանն աջակցությունը, և ուրախ ենք, որ սոցիալական պատասխանատվության շրջանակներում, առևտրային բանկերի և «Իմ անտառ Հայաստանի» ծրագրի հետ միասին, կարող ենք մեր նպաստումն ունենալ շրջակա միջավայրի բարելավմանը։ Միևնույն ժամանակ, մենք հավատարիմ ենք «կանաչ» օրակարգին և հնարավորինս ներդնում ենք այն նաև մեր առօրյա գործունեության և նույնիսկ ֆինանսական կարգավորման մեր մոտեցումներում»,- ասաց Մարտին Գալստյանը։

«Շրջակա միջավայրին ուղղված ծրագրերը ոչ պակաս կարևոր են մեզ համար։ Տարիներ շարունակ՝ առավելապես վերջին 50 տարվա ընթացքում, մարդն անընդհատ վնաս է հասցրել բնությանը։ Ժամանակն է գիտակցել, որ բնության մաս ենք կազմում և պահպանելով բնությունը՝ պահպանում ենք ինքներս մեզ։ Ուստի, 50 հեկտար մակերեսով անտառհիմնման նախաձեռնության կողքին կանգնելը բնության պահպանմանն ուղղված մեր համեստ ջանքերն են», – նշել է Հայաստանի բանկերի միության Խորհրդի նախագահ Մհեր Անանյանը:

«Դրամի ներդրման 30-ամյակին նվիրված միջոցառումների շարքում նոր անտառի հիմնումն ու ծառատունկը թերևս կլինի ամենահիշարժան նախաձեռնություններից մեկը, որն այսօր միավորել է ԿԲ և բոլոր առևտրային բանկերին: Բնապահպանական կարևորություն ունեցող այս նախաձեռնությանը մեր մասնակցությունը աջակցություն է՝ միտված մնայուն արժեքի և կայուն ապագայի ստեղծմանը: Այսօր տնկվող յուրաքանչյուր ծառ մեր հոգատարության դրսևորումն է շրջակա միջավայրի պահպանման հանդեպ և ապագային միտված սոցիալական պատասխանատվության երկարաժամկետ ներդրում։ Ֆինանսավորելով ապագան՝ մենք այսօր արդեն փորձ ենք անում ապահովել մեր ներկա և ապագա սերունդների կանաչ ապագան»,- ասաց Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը։

«Մեզ համար մեծ նշանակություն ունի այս համագործակցությունը, քանի որ ավելի ու ավելի շատ մարդիկ են սկսում գիտակցել անտառների կենսական կարևորությունը մեր երկրի և մարդկանց համար. չէ՞ որ մենք բոլորս կարիք ունենք թթվածնի ու խմելու ջրի, իսկ անտառներն անում են շատ ավելին, քան պարզապես մթնոլորտը մաքրելն ու ջրի պաշարները պահպանելն է, դրանք դիմակայում են մեր երկրի անապատացմանը, պայքարում են հողի էրոզիայի դեմ, դառնում են կենսաբազմազանության պահպանության անփոխարինելի գործոններ, նվազեցնում են ջերմաստիճանն ու օգնում կլիմայի փոփոխության դեմ պայքարում»,- ասաց Անտրէ Գումուշճեանը։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով