Ո՞ր բանկերից սահմանամերձ գյուղերի բնակիչները կարող են հիփոթեքային վարկ ստանալ պետական աջակցությամբ

2 Min Read

Մինչև 2023 թվականի ավարտը առնվազն 300 ընտանիք պետության աջակցությամբ Հայաստանի սահմանամերձ գյուղական բնակավայրում կկառուցի իր տունը։ Այս մասին այսօր ասուլիսում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթների համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը։

Նրա խոսքով՝ մինչև 2024 թվականի ավարտը ծրագրից օգտվողների թիվը նախատեսվում է հասցնել 550-ի։

Պետական ծրագիրը նախատեսված է միայն սահմանամերձ գյուղերի համար, կարող են օգտվել անապահով կամ ցածր եկամուտ ունեցող ընտանիքները։

2023 թվականի համար պետական բյուջեով նախատեսվել է 466 միլիոն դրամ, իսկ 2024 թվականի համար շուրջ 1.5 միլիարդ դրամ է պետական բյուջեից հատկացվել։

«Ծրագրի շահառու կարող են դառնալ այն ամուսինները, որոնք ունեն գրանցված ամուսնություն, ցանկություն՝ կառուցելու տուն սահմանամերձ բնակավայրում, ունեն հողամաս կամ կիսակառույց շինություն (համապատասխան թույլտվությամբ) նշված գյուղական բնակավայրում և ունեն դրական վարկային պատմություն: Ամուսիններից գոնե մեկը պետք է ունենա ՀՀ քաղաքացիություն»,- մանրամասնեց Ղարագյոզյանը:

Ընդհանուր աջակցության գումարը 16 միլիոն դրամ՝ յուրաքանչյուր ընտանիքի։
«Եթե շահառուն բանկից ստանում է 16 միլիոն դրամ վարկ 13 տոկոսով, 10 տարի մարման ժամկետով, ինքը որևէ պարտավորություն տվյալ վարկի շրջանակներում չունի»,–ասաց Ղարագյոզյանը։

Նրա խոսքով՝ արդեն իսկ ունեն թվով 9 շահառուներ Տեղ, Ոսկեվան, Արծվաբերդ, Դավիթ Բեկ, Խնձորեսկ, Շիկահող, և Արենի գյուղերից, որոնց մի մասին արդեն տրամադրվել է գումարը և շինարարությունը սկսել են, մյուս մասի վարկը հաստատվել է և ավարտական փուլում է։

Անդրադառնալով ընթացակարգին՝ Ղարագյոզյանը նշեց, որ քաղաքացիները պետք է դիմեն բացառապես աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցող բանկերին կամ վարկային կազմակերպություններին։ Դրանք այս պահին երկուսն են․ Էվոկաբանկ, Կոնվերսբանկ։ Մայիսի կեսերից պրոեկտին կմիանան Ակբա բանկը, Ֆինքա վարկային կազմակերպությունը և Յունիբանկը: Այնուամենայնիվ, նախարարության ներկայացուցիչը նշեց, որ ամեն պահի բանկերի ցանկը կարող է ընդլայնվել` հորդորելով մյուս բանկերին ու վարկային կազմակերպություններին միանալ ծրագրին:

Կիսվեք այս հոդվածով