Արցախում բնակվող բայց ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց անձնագրի ժամկետը լրանալուց հետո հնարավոր չէ այստեղ այդ գործարքը իրականացնել,որի պատճառով անհնար է դառնում նաև բանկային քարտերի վավերականության ժամկետների և ՀՀ-ից ստացվող կենսաթոշակների փոխանցումները։ Այս մասին գրառում է կատարել Արցախի «Վերնատուն» երիտասարդական վերլուծական կենտրոնի հիմնադիր-ղեկավար Արշակ Աբրահամյանը։
«ՀՀ «կառավարությունը» փաստացի ոչ միայն ձեռքերը լվացել է Արցախից, այլ նաև իրեն չի հետաքրքրում այստեղ գտնվող ՀՀ քաղաքացիների ճակատագիրը»,- նշել է նա։
BanksNews.am-ը հարցի առնչությամբ պարզաբանում ստանալու համար դիմեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, որտեղից մեզ պատասխանեցին․
«Քանի որ խոսքն անձնագրի ժամկետը լրանալու հիմքով գործարքների կատարման հնարավորությունների սահմանափակման մասին է, նախարարությունն այստեղ գործառույթ չունի, Անձնագրային և Վիզաների վաչությունը կարող է ասել, թե արդյոք նման դեպքերում այլընտրանքային կարգավորում գործում է, թե ոչ, իրենք կկարողանան մեկնաբանել»,- նշեցին նախարարությունից։
Իսկ ՀՀ Ոստիկանությունից BanksNews.am-ի հետ զրույցում ասացին, որ Արցախի գործընկերների հետ հարցը քննարկվել է։
«Կապահովվեն այնպիսի լուծումներ, որոնք թույլ կտան քաղաքացիներին իրացնել իրենց իրավունքները»,- նշեց Ոստիկանության ներկայացուցիչը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում