ՀՀ առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալներն աճել են. ինչպիսի՞ն են ցուցանիշները՝ ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների պարագայում

2 Min Read

Մեր նախորդ վերլուծությունում փորձեցինք հասկանալ, թե ՀՀ բանկերը և վարկային կազմակերպությունները ոչ ռեզիդենտներին որքան վարկեր են տրամադրում։ Պարզվեց՝ բավականին մեծ ծավալի վարկեր են տրամադրվում։ Սույն վերլուծությունում փորձենք իրավիճակին դիտարկենք ավանդների տեսանկյունից։ 

Բանկերի համար ինչպես կարևոր նշանակություն ունի վարկավորումը, այնքան էլ առանձնահատուկ տեղ է գրավում ավանդների ներգրավումը։ Նկատենք, որ 2023թ-ի փետրվարի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ընդհանուր ծավալները կազմել են 5,057, 542 մլն դրամ։ Վերջինս 2023թ-ի փետրվարին 2022թ-ի փետրվարի համեմատ աճել է մոտ 25%-ով, իսկ 2023թ-ի հունվարի համեմատ նկատվում է ծավալների անկում 0,4%-ով։

Այս առումով հետաքրքիր է հասկանալ ռեզիդենտներից և ոչ ռեզիդենտներից ներգրավված ավանդների ծավալները․

Գծապատկեր 1. ՀՀ առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդները՝ ըստ ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների՝ 2023թ-ի փետրվարին վերջի դրությամբ

ՀՀ առևտրային բանկերը 2023թ-ի փետրվարի վերջին ռեզիդենտներից ներգրավվել են 3,745,551 մլն դրամի ավանդներ, մինչդեռ ոչ ռեզիդենտներից՝ 1,311,990 մլն դրամի։ Ստացվում է, որ ռեզիդենտներից ներգրավված ավանդների մասնաբաժինը ընդհանուր ավանդների մեջ կազմում է 74%, իսկ ոչ ռեզիդենտների պարագայում՝ 26%։

Ուշադրություն դարձնենք ևս մեկ կարևոր հանգամանքի վրա․ ոչ ռեզիդենտների պարագայում արտարժույթով ներգրվված ավանդների ծավալների հարաբերակցությունը ոչ ռեզիդենտներից ներգրավված ընդհանուր ավանդներին կազմել է 84%, իսկ դրամով ներգրավված ավանդների պարագայում՝ 16%։

Ռեզիդնետների պարագայում վերոնշյալ հարաբերակցությունը արտարժույթով ներգրավված ավանդների պարագայում կազմել է 44%, իսկ դրամով ներգրավված ավանդների դեպքում՝ 56%։

Եվ վերջում նկատենք, որ 2023թ-ի փետրվարին 2022թ-ի նույն ամսվա համեմատ ռեզիդենտներից ներգրավված ավանդների ծավալները աճել են 18%-ով, իսկ ոչ ռեզիդենտներից ներգրավված ավանդների ծավալները՝ 51%-ով։
Մյուս կողմից, 2023թ-ի փետրվարին նախորդ ամսվա համեմատ ոչ ռեզիդենտներից ներգրավված ավանդների ծավալները նվազել են 7%-ով, իսկ ռեզիդենտների պարագայում՝ աճել են 2%-ով։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով