Շուշիի շրջանի չորս գյուղեր՝ Հին Շենը, Մեծ Շենը, Լիսագորն ու Եղցահողն ապրիլի 23-ից լիակատար շրջափակման մեջ են։ Դեկտեմբերի 12-ից՝ Լաչինի միջանցքի արգելափակումից հետո կտրվել էր այդ գյուղերի կապն Արցախի մնացած հատվածի հետ, ապա ապրիլի 23-ից կտրված է նաև Սյունիքի հետ կապը։
Գյուղերում այս պահին պարենի, առաջին անհրաժեշտության դեղորայքի խնդիր չկա, բայց եթե շրջափակումը շարունակվի, կարող է առաջանալ։ Այս մասին BanksNews.am-ի հետ զրույցում ասաց Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանը։
«Խնդիրը հիմնականում կարող է լինել, եթե շտապօգնություն պետք լինի, եթե հանկարծ ծանր հիվանդ տեղափոխելու հարց լինի։ Բացի այդ, մի քանի անչափահաս երեխա գնացել են Գորիս, մնացել այնտեղ։ Հիմա բանակցություններ են ընթանում, որպեսզի այդ երեխաներին տեղափոխեն իրենց հայրենի օջախ»,– նշեց Հովհաննիսյանը։
Շրջանի ղեկավարի խոսքով՝ թեև անհրաժեշտ առաջին օգնության դեղորայք կա, բայց եթե մասնագիտական դեղեր պետք լինեն, որոնք պետք է բերել Գորիսից կամ Երևանից, այդ դեպքում արդեն դժվարություններ կառաջանան։
«Մտածում ենք մի քանի օրից սննդի, դեղորայքի հարցը, անասնակերի խնդիրներ են առաջանալու, ոնց լուծենք: Չեմ կարծում՝ երկար կտևի էդ անցակետի հարցը, հույս ունենք՝ կբացվի։ Եթե չբացվի, հակակշիռ միջոցառումներ պետք է ձեռնարկենք, որպեսզի կարողանանք ապահովել»։
Վարչական շրջանի ղեկավարի խոսքով՝ նաև անասնակերի խնդիր կարող է առաջանալ․
«Այստեղ հացահատիկային կուլտուրաներ չեն ցանվում, հիմնականում ներկրվում են ՀՀ-ից կամ Ստեփանակերտից: Կոոպերատիվներ կան, անասուններ կան, խոզ պահողներ կան, թռչուն կա, խտացրած կերը ձեռք են բերում Գորիսից։ Հիմա որ վերջանա, դժվարությւոնների առաջ են կանգնելու»,- եզրափակեց Հովհաննիսյանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում