Կառուցապատողը կարող է տուգանվել շենքի կառավարման պահանջները խախտելու համար․ որքա՞ն է կազմում տուգանքը

3 Min Read

Նոր կառուցվող կամ կառուցված բազմաբնակարան շենքի՝ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքը և օրենքով նախատեսված օտարման ոչ ենթակա մասերը Կառուցապատողի կողմից առանձնացնելու և օտարելու դեպքում կառուցապատողը կտուգանվի։ Նման փոփոխության առաջարկ է արել Քաղաքաշինության կոմիտեն։ Նախագծի մասին BanksNews.am-ը տեղեկանում է E-draft կայքից։

Տուգանքը կկազմի սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով, այսինքն 5 մլն դրամ։

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բազմաբնակարան շենքի կառավարման ոլորտում`

– պետական կառավարման լիազոր մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների սահմանում և տարանջատում,

– բազմաբնակարան շենքի կառուցումից հետո կառուցապատողի կողմից շենքի կառավարման մարմնին փոխանցվող փաստաթղթերի շրջանակի սահմանում,

– բազմաբնակարան շենքի կառուցումից և բնակարանների վաճառքից հետո ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքը կառուցապատողի կողմից շենքի սեփականատերերին փոխանցման հետ կապված հարցերի կանոնակարգում,

– բազմաբնակարան շենքի կառուցման մեկնարկից մինչև կառավարման մարմնի ձևավորում ընկած ժամանակահատվածում ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի (հատկապես՝ Շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված ինժեներական ենթակառուցվածքների, մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական և այլ սարքավորումների տեղադրման տարածքների) տնօրինման առանձնահատկությունների և սահմանափակումների սահմանում,

– պատասխանատվության նախատեսում՝ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների, ինչպես նաև նոր կառուցվող կամ կառուցված բազմաբնակարան շենքի կառուցապատողի մասով սահմանված պարտականությունների չկատարման համար:

Տուգանք կսահմանվի նաև մի շարք այլ խախտումների դեպքում․

1. Նոր կառուցված և շահագործման հանձնված բազմաբնակարան շենքի նախագծային փաստաթղթերը կառուցապատողի կողմից՝ օրենքով սահմանված կազմով և ժամկետում բազմաբնակարան շենքի կառավարման մարմնին չփոխանցելը.

– առաջացնում է տուգանքի նշանակում կառուցապատողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումը՝ վարչականտույժի նշանակման օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում չվերացնելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր խախտման համար՝ սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:

3. Նոր կառուցվող կամ կառուցված բազմաբնակարան շենքի շինության նկատմամբ սեփականության իրավունքի կամ գնման իրավունքի հետ միասին ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի նկատմամբ իրավունքը կառուցապատողի կողմից օրենքով նախատեսված բաժնեմասով ձեռքբերողին չփոխանցելը.

– առաջացնում է տուգանքի նշանակում կառուցապատողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

4. Նոր կառուցվող կամ կառուցված բազմաբնակարան շենքի շինությունը կամ շինության գնման իրավունքի ձեռքբերման պայմանագրի կնքումից հետո՝ ընդհանուր բաժնային գույքի բաժնեմասի նվազեցումն՝ առանց օրենքով նապատեսված դեպքերում և կարգով շենքի շինության գնման իրավունք կամ շենքում շինության նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերած անձանց գրավոր համաձայնության՝

– առաջացնում է տուգանքի նշանակում կառուցապատողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով:

5. Նոր կառուցվող կամ կառուցված բազմաբնակարան շենքի՝ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի կազմում ընդգրկված և օրենքով նախատեսված օտարման ոչ ենթակա մասերը Կառուցապատողի կողմից առանձնացնելը և օտարելը.

– առաջացնում է տուգանքի նշանակում կառուցապատողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով:

Նախագիծն առայժմ հանրային քննարկման փուլում է։ Այն դեռ պետքա արժանանա Կառավարության հավանությանն ու քննարկվի Ազգային ժողովի կողմից։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով