ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի փոխնախագահ Ադամ Շիֆը Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել օրինագիծ, որով կոչ է արվում ճանաչել Արցախի անկախությունը և դատապարտել Ադրբեջանի շարունակվող ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ:
ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի՝ բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք։ Այդ իրավունքի ուժով նրանք ազատորեն սահմանում են իրենց քաղաքական կարգավիճակը և ազատորեն ապահովում իրենց տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացումը:
Ներկայացված բանաձևը՝
- ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունը՝ համահունչ ՄԱԿ-ի տարբեր փաստաթղթերում ամրագրված ինքնորոշման իրավունքին և Արցախի ժողովրդի 1991 թվականի քվեարկությանը և Ադրբեջանից անկախությունը հռչակելու որոշմանը:
- Կոչ է անում Միացյալ Նահանգներին ակտիվորեն ներգրավվել Արցախի Հանրապետության կարգավիճակի միջազգային ճանաչմանն աջակցելու գործում:
- Դատապարտում է Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը և ադրբեջանական ուժերի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումները և կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել շրջափակումն ու ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ՝ առանց նախապայմանների:
- Կոչ է անում անհապաղ դադարեցնել Միացյալ Նահանգների արտաքին և ռազմական օգնությունն Ադրբեջանին՝ համաձայն Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածի, և հորդորում վարչակազմին պարզաբանել Ադրբեջանի կառավարությանը, որ Հայաստանի և Արցախի վրա հետագա հարձակումները կհանգեցնեն պատժամիջոցների և այլ միջոցների։