Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է Արցախ զենք տեղափոխելու և այնտեղից բնական ռեսուրսներ տարհանելու մեջ․ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան կոչ են անում բացել Լաչինի միջանցքը

2 Min Read

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի սկզբնամասում հսկիչ անցագրային կետի տեղադրման մասին։ Որպես պատճառ նշվում է իբրև Հայաստանի կողմից այդ ճանապարհի անօրինական օգտագործումը։

«Նման անօրինական գործողությունների օրինակներ են Հայաստանի զինված ուժերի անձնակազմի ռոտացիան, որը շարունակում է մնալ Ադրբեջանի տարածքում, զենքի և զինամթերքի տեղափոխումը, ահաբեկիչների անցումը, ինչպես նաև բնական ռեսուրսների և մշակութային արժեքների ապօրինի արտահանումը»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե նախօրեին Ադրբեջանի զինված ուժերի բեռնատարը իբրև թե պայթել է Հայաստանի՝ 2021-ի արտադրության ականի վրա։

Արցախի տեղեկատվական շտաբը տարածած հաղորդագրությունում ապատեղեկատվություն է որակել Ադրբեջանի պնդումները զենքի տեղափոխման վերաբերյալ։

«Ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020-ի եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում»,- նշվում է շտաբի հաղորդագրությունում։

Սրան հաջորդել է Ֆրանսիայի և ԱՄՆ-ի արձագանքները։

Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում վերականգնել բեռների, մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Այս մասին նշված է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության խոսնակի տարածած հայտարարությունում։

«Ֆրանսիան ափսոսում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նոր երթուղու մուտքի մոտ անցակետ տեղադրելու համար, որը խախտում է հրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները և խաթարում բանակցային գործընթացը։

Ֆրանսիան կոչ է անում վերականգնել բեռների, մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով և վերականգնել բնակչությանը գազի ու էլեկտրաէներգիայի շարունակական մատակարարումը։

ԱՄՆ Պետքարտուղարությունը ևս կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների ազատ ելումուտը։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով