Դատախազությունը պահանջում է Հովիկ Աբրահամյանից բռնագանձել 59 միավոր գույք եւ 26 մլրդ դրամ

1 Min Read

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ, այսօր՝ ապրիլի 20-ին, կայացել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման պահանջով դատախազության հայցի քննությունը։

Հովիկ Աբրահամյանի փաստաբան Վարազդատ Ասատրյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց՝ նշելով դատավորի անկողմնակալությունը:

Ըստ փաստաբանի՝ դատարանը չի հետաձգել քննությունը նոր ներկայացուցչի ներգրավման հիմքով, չի երկարացվել հայցադիմումի պատասխանի ժամկետը, որով խախտվում է կողմերի հավասարության սկզբունքը: Միջնորդությունը քննարկման առակա չի դարձվել, թողնվել է առանց քննության, քանի որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն՝ դատական նիստում գրավոր միջնորդություն ներկայացրած անձը պարտավոր է դատական նիստին ներկա, գործին մասնակցող մյուս անձանց տրամադրել միջնորդության եւ դրան կից փաստաթղթերի պատճենները:

Դատախազությունն էլ հայտարարեց, որ Աբրահամյաններն, ինչպես նաեւ նախկին վարչապետի վարորդը, թիկնազորի աշխատակիցը, որոնց անուններով եւս նախկին բարձրաստիճան պաշտոնյան գույք է գնել, պետությանը պետք է վերադարձնեն 59 անշարժ գույք: 59 գույքից 15-ը Երեւան քաղաքում է, հիմնականում՝ Կենտրոն վարչական շրջանում, 12-ը՝ Արարատի մարզի Մխչյան համայնքում, 10-ը՝ նույն մարզի Նարեկ գյուղում, 1-ական գույք՝ Մարմարաշեն, Այնթապ եւ Արեւաբույր համայնքներում, 2-ը՝ Կոտայքի մարզի Արզական գյուղում, 6-ը՝ Ծաղկաձոր համայնքում, 1-ը՝ Ջերմուկ համայնքում, 1-ը՝ Սեւան համայնքում, 6-ը՝ Դիլիջան համայնքում, 3-ը՝ Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքում:

Գույքերից 23-ը հաշվառված է ընտանիքի անդամ չհանդիսացող, այլ անձանց անվամբ, սակայն գույքերի իրական շահառուն, ըստ դատախազության, Հովիկ Աբրահամյանն է:

Կիսվեք այս հոդվածով