Առաջինը տարածաշրջանում. Հայաստանը Ստեղծարար ապրանքների և ծառայությունների համաթվով գերազանցել է ԵՏՄ երկրներին

3 Min Read

Ապրիլի 21-ին աշխարհը տոնում է Ստեղծարարության և նորարարական գործունեության համաշխարհային օրը: Ներկայումս տեղի ունեցող զարգացումներն էլ ավելի են կարևոր դարձնում այս օրը մարդկության համար: Տոնն ուղղված է ստեղծարար գործընթացների խրախուսմանը՝ հանուն մարդկության կայուն զարգացման: Այս տոնի օրվա ընտրությունը կապված է ապրիլի 22-ին նշվող Երկիր մոլորակի միջազգային օրվա, ինչպես նաև ապրիլի 15-ին նշվող Լեոնարդո Դավինչիի տարեդարձի հետ: Առաջին դեպքում ընդունվում է այն փաստը, որ նորարությունները և ստեղծարար գործունեությունը պետք է օգնեն մեր Երկիր մոլորակի խնդիրների շուտափույթ լուծմանը: Մյուս դեպքում ընդունվում է հայտնի գյուտարարի՝ Լեոնարդո Դավինչիի դերակատարումը գիտության և ստեղծարար գործընթացների զարգացման մեջ:


Ստարտափներ, որոնք աշխատում են մարդկանց ուղեղի հետ


Ստեղծագործական տնտեսությունը, որը ներառում է տեսալսողական և հրատարակչական արտադրանք, դիզայնի և կերպարվեստի առարկաներ, նոր լրատվամիջոցներ, կատարողական արվեստներ, հանդիսանում է համաշխարհային տնտեսության դինամիկ ոլորտներից մեկը՝ եկամտի աղբյուրի, աշխատատեղերի ստեղծման և արտահանման շահույթի առումով:

Ստեղծարար գործունեությունը հատկապես բնորոշ է մեզ՝ հայերիս: Դա չափազանցություն չէ, և <<ոչնչից ինչ-որ բան ստեղծող>> մեր  տեսակի մասին շատերը գիտեն: Աշխարհում հաշվարկում են Ստեղծարար ապրանքների և ծառայությունների համաթիվը: Այն Գլոբալ ինովացիոն համաթվի բաղկացուցիչ մասն է և ցույց է տալիս երկրի ստեղծարար գործունեության արդյունքները:

Ստեղծարար պարանքների և ծառայությունների համաթիվը տատանվում է 0-100 միջակայքում: Ընդ որում՝ որքան  փաստացի ցուցանիշը մոտ է 0-ին, այնքան երկրի ստեղծարար գործունեության հնարավորությունները սահմանափակ են, իսկ հակառակ պարագայում երկիրն ունի հզոր ստեղծարար գործընթացներ, և այդ արժեքները փոխանցվում են աշխարհին:

Ստեղծարար ապրանքներ և ծառայություններ համաթվով 60-100 բալ փաստացի արժեք արձանագրած երկրներ չկան 2022թ-ի դրությամբ:

2022թ-ին Ստեղծարար ապրանքների և ծառայությունների համաթվով առաջին երեք հորիզոնականներն են գրավել հետևյալ երկրները.

Գծապատկեր 1. Ստեղծարար ապրանքներ և ծառայություններ համաթվով առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած երկրները 2022թ-ին

Առաջին հորիզոնականում է հայտնվել Լատվիան, որը 2022թ-ին Ստեղծարար ապարանքների և ծառայությունների համաթվով 100-ից հավաքել է 52.7 բալ: Երկրորդ տեղում է Հոնկոնգը՝  47.4 բալ ցուցանիշով, իսկ Մալթան զբաղեցրել է երրորդ հորիզոնականը  45.1 բալ ցուցանիշով:

Ստեղծարար ապրանքների և ծառայությունների համաթվով կործանարար վիճակում են հայտնվել Եմենը, Բենինը, Մոզամբիկը, Զամբիան և Հոնդուրասը:

Մեր հարևանների և ԵՏՄ անդամ պետությունների շրջանում Հայաստանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը Ստեղծարար ապրանքների և ծառայությունների համաթվով, իսկ աշխարհի 132 երկրների շարքում՝ 57-րդ հորիզոնականը՝ 19.7 բալ արդյունքով.

Գծապատկեր 2. Ստեղծարար ապրանքների և ծառայությունների համաթվի առավելագույն արդյունք արձանագրած ՀՀ հարևան և ԵՏՄ անդամ պետությունները 2022թ-ին

Վիճակագրական տվյալները փաստում են, որ Հայաստանից հետո առաջատար է Վրաստանը 14.1 բալ ցուցանիշով: Նրան հաջորդում են Թուրքիան 13.2 բալ, և ՌԴ-ն՝ 10.8 բալ, արդյունքներով:

Մյուս երկրներում ցուցանիշը նույնիսկ 10 բալին չի հասնում, իսկ ամենացածր արդյունքը դիտվել է Ղազախստանում՝ 3.9 բալ:

Ադրբեջանը, զբաղեցրել է 97-րդ հորիզոնականը՝ արձանագրելով  5.9 բալ արդյունքը: Այս ցուցանիշով Ադրբեջանն ընկերակցում է այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Օմանը, Մալին և ՀԱՀ-ը:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով