ԱՄՆ դոլարը շարունակում է զիջել դիրքերը՝ որպես մոլորակի գլխավոր արժույթ

3 Min Read

Դժվար է պատկերացնել կյանքն առանց ամերիկյան դոլարի։ Վերջիվերջո, ԱՄՆ դոլարն արդեն երկար տարիներ է՝ իր «քիթը» խոթել է բազմաթիվ երկրների տնտեսություններ։ Դոլարի շնորհիվ ԱՄՆ-ն կարողանում էր կառավարել համաշխարհային տնտեսության հիմնական գործընթացները։ Նույնիսկ աշխարհում կան երկրներ, որոնք բազմաթիվ ներտնտեսական խնդիրներ կարողացել են հաղթահարել՝ ընդունելով ԱՄՆ դոլարը որպես ազգային արժույթ։


ԱՄՆ-ի բանկային համակարգը շարունակում է խոցելի մնալ


Միգուցե ԱՄՆ դոլարը կարողացել է լուծել մի շարք տնտեսական խնդիրներ, սակայն եկել է ժամանակը, երբ աշխարհը պահանջում է նոր մոտեցումներ՝ նոր մարտահրավերներին արձագանքելու համար։ Այս համատեքստում արդիական է դառնում ԱՄՆ դոլարի դերի նվազեցումը և նոր համակարգի ձևավորումը։ Իհարկե, առանց ցնցումների կլիներ, եթե երկրները համախմբվեին և համատեղ ջանքերով փորձեին ստեղծել նոր համակարգ, որից հետո հնարավոր կլիներ նվազեցնել ԱՄՆ դոլարի դերակատարությունը: Սակայն, ցավոք, իրավիճակը զարգանում է խիստ բացասական ճանապարհով։

Նոր և հին կարգերի բախումը չափազանց վտանգավոր է և կարող է հանգեցնել խոր ճգնաժամի։ Այս պայմաններում տարբեր վերլուծաբաններ կանխատեսումներ են կատարում։ Նրանցից մեկը՝ «Fitch Solutions»-ի ապահովագրական ռիկսերի գլոբալ ղեկավար Cedric Chehab-ը, առանձնացնում է դոլարի հնարավոր անկման հետևյալ երեք պատճառները․

Գծապատկեր 1․ ԱՄՆ դոլարի անկման հիմնական պատճառները՝ ըստ վերլուծաբան Cedric Chehab-ի

Վերկուծաբանը փաստում է, որ որպես համաշխարհային առաջատար արժույթ ԱՄՆ դոլարի դիրքերի խարխլմանը նպաստում է Չինաստանի տնտեսական հզորացումը։ Չինաստանը նոր գործընկերներ է ձեռքբերում ողջ աշխարհում։ Այս քայլով Չինաստանն է՛լ ավելի է ինտեգրվում համաշխարհային ֆինանսական համակարգին։

Ապադոլարացման  հաջորդ խոշոր պատճառը կապված է կրիպտոարժույթների տարածմամբ։ Աշխարհում նկատվում է թվային փողերի շրջանառում, որոնց վրա կենտրոնական բանկերը վերահսկողություն չունեն։ Եվ կրիպտոարժույթների տարածումը տարեց տարի կրում է ավելի մասշտաբային բնույթ։

Եվ, վերջապես, դոլարի անկման համար պարարտ հող են ստեղծում տարբեր երկրների կողմից իրականացվող ապադոլարացման քաղաքականությունը։ Առաջին հերթին դա վերաբերում է ԲՐԻԿՍ -ի անդամ պետություններին՝ ՌԴ, Չինաստան, Հնդկաստան, Բրազիլիա և ՀԱՀ։ Այս երկրները, որոշել են ստեղծել առանձին արժույթ՝ մի կողմ թողնելով ԱՄՆ դոլարը փոխադարձ և բազմակողմանի առևտրային հարաբերություններում։ Նման քաղաքականություն են վարում նաև այլ պետությունները՝ Իրանը, Վենեսուելան, Սաուդյան Արաբիան և այլն։

Ամփոփելով շարադրվածը՝ պետք է փաստենք, որ փոքր պետությունները, ինչպիսին նաև Հայաստանն է, պետք է ընդունեն ԱՄՆ դոլարի շարունակ նվազման փաստը և հնարավորինս դիվերսիֆիկացնեն միջազգային պահուստները՝ այնտեղ հնարավորինս մեծացնելով ոսկու և այլ արժույթների մասնաբաժինը։ Նկատենք նաև, որ այս գործընթացը հապճեպ չի կարող ընթանալ, քանի որ բախվում է ուժեղ հակազդեցության ԱՄՆ-ի և իր դաշնակիցների կողմից։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով