Ո՞ր դեպքում մասնավոր դպրոցները Հայաստանում կֆինանսավորվեն պետականին հավասար. նախարարի պարզաբանումը

2 Min Read

Մասնավոր դպրոցները Հայաստանում պետականին հավասար կարող են ֆինանսավորվել այն դեպքում, երբ պետությունը կկիրառի վերահսկողական մեխանիզմներ` պարզելու մասնավոր դպրոցներում ֆինանսավորմանը զուգընթաց արդյոք նվազում են ուսման վարձերը, ինչպես նաև երբ պետությունը մասնավոր դպրոցներում կիրականացնի որակի հսկողության գործառույթ, քանի որ Հայաստանում գործող 50 մասնավոր դպրոցներից ոչ բոլորն են ապահովում կրթության բարձր որակ: Այս մասին այսօր հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի հետ հարցուպատասխանի ընթացքում:

Վերջինս նախարարին հարցրեց` եթե ասում ենք, որ հանրակրթությունը Հայաստանում անվճար է, արդյոք չպե՞տք է ոչ պետական դպրոցներին պետական դպրոցներին հավասար օգնենք կայանալու գործում, ապահովենք ֆինանսավորման հետ կապված հավասար պայմաններ:

Հայաստանում կա 1400 պետական և 50 ոչ պետական դպրոց: Բայց ոչ պետական դպրոցները, նախարարի խոսքով, որակական տեսանկյունից տարբեր են. «Ես ոչ պետական դպրոցների պարագայում տեսնում եմ մանկավարժության և նորարարության հետ կապված հնարավորություններ, որոնցից պետք է օգուտ քաղեն նաև պետական դպրոցները»:

Նախորդ տարի պատգամավորական նախաձեռնությամբ, Ժաննա Անդրեասյանի խոսքով, ունեցել ենք փոփոխություն «Կրթության մասին» օրենքում, որով տարրական դասարանների դասագրքերը տրամադրվել են անվճար հիմունքներով նաև ոչ պետական դպրոցների աշակերտներին.

«4000 երեխայի մասին է խոսքը: Մենք ոչ պետական դպրոցների տարրական դասարանների աշակերտների համար դասագրքերը, փաստացի, դարձրեցինք անվճար, բայց չունենք վստահություն, որ այդ դպրոցների վարձավճարները մեր ֆինանսավորմանը զուգընթաց իջան: Այս դեպքում մենք վերահսկողական մեխանիզմների կարիք ունենք»,- նշել է նախարարը:

Կիսվեք այս հոդվածով