Մեր նախորդ վերլուծությունում ներկայացրեցինք գնաճը Հայաստանում՝ 2023թ-ի մարտի դրությամբ: Իրավիճակը ներկայացվեց ընդհանուր երկրի մասշտաբով և երևաց, որ նկատվում է գնաճի դանդաղման միտում: Սույն վերլուծությունում անդրադառնանք՝ ինչպիսի իրավիճակ էՀՀ մարզերի խոշոր քաղաքներում և շեշտադրում կատարենք այնպիսի կարևոր նշանակություն ունեցող ոլորտների վրա, ինչպիսիք են տրանսպորտը, կրթությունը և առողջապահությունը:
Գնա՞ճ, թե գնանկում. ինչպիսի՞ն է եղել մարտ ամիսը՝ թվերով
2023թ-ի մարտին 2022թ-ի մարտի համեմատ գնաճը ՀՀ խոշոր քաղաքներում հաստատվել է հետևյալ մակարդակներում.
Գծապատկեր 1. ՍԳԻ փոփոխությունը 2023թ-ի մարտին 2022թ-ի մարտի համեմատ ՀՀ խոշոր քաղաքներում
Նկատենք, որ 2023թ-ի մարտին 2022թ-ի մարտի համեմատ գների աճը հանրապետությունում կազմել է 5.4%: Վերջինս էականորեն գերազանցել է Երևանը, որտեղ արձանագրվել է 6% գնաճ: Հանրապետությունում արձանագրված գնաճի ցուցանիշին մոտ է Աշտարակ քաղաքում արձանագրված գնաճը՝ 5.3%: Հանրապետությունում արձանագրված գնաճից էականորեն ցածր մակարդակ արձանագրվել է Եղեգնաձորում և Գյումրիում՝ 4%:
Հաջորդիվ ուսումնասիրենք գնաճը ՀՀ խոշոր քաղաքների վերոնշյալ ոլորտներում.
Գծապատկեր 2. ՍԳԻ փոփոխությունը 2023թ-ի մարտին 2022թ-ի մարտի համեմատ
ՀՀ խոշոր քաղաքներում՝ տրանսպորտի, կրթության և առողջապահության ոլորտներում
Ինչպես կարելի է նկատել Գծապատկեր 2-ում, գների անկում դիտվել է տրանսպորտի ոլորտում միանգամից 4 խոշոր քաղաքներում՝ Վաղարշապատ՝ -5.8%, Արտաշատ՝ -5.5%, Իջևան՝ -3.6%, և Աշտարակ՝ -1.9%: Տրանսպորտի ոլորտում զգալի գնաճ դիտվել է Հրազդանում՝ 5.5%:
Առողջապահության ոլորտում կայծակնային գնաճ է արձանագրվել Աշտարակ քաղաքում՝ 17.3%: Անհրաժեշտ է հասկանալ նման գնաճի պատճառները: Առողջապահության ոլորտում նվազագույն գնաճը նկատվել է Իջևանում՝ 1.3%:
2023թ-ի մարտին 2022թ-ի մարտի համեմատ կրթության ոլորտում ամենաբարձր գնաճը դիտվել է Աշտարակում և Կապանում՝ 6.7%, իսկ ամենացածրը՝ Հրազդանում՝ 0.1%: Կրթության ոլորտում գների փոփոխություն տեղի չի ունեցել Եղեգնաձորում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում