Կոռուպցիոն հնարավոր ռիսկերը Հայաստանում

2 Min Read

Հայաստանում ակտիվ գործունեություն է ծավալում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Վերջինիս գործառույթներին կարելի է ծանոթանալ այս հղումով: Ինչպես կարելի է նկատել, այս գործառույթների առաջին կետով նախատեսված է հետևել բարձրաստիճան պաշտոնատար անձանց անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց (բացառությամբ պատգամավորների, դատավորների և դատախազների) էթիկայի կանոնների, իրավիճակային շահերի բախման կարգավորումների պահպանմանը:

Հարց է առաջանում՝ արդյոք իրավապահ մարմինների շրջանակում հնարավոր չէ լուծել այս խնդիրները: Միգուցե առանձին հանձնաժողով ստեղծելու փոխարեն պետք էր ճիշտ համակարգել և կիրառել համապատասխան իրավապահ մարմինների ուժերը: Բացի այդ, արդեն իսկ կասկած է հարուցում այն փաստը, որ հանձնաժողովի նախագահ է նշանակվել իջևանցի Արամայիս Փաշինյանը՝ վարչապետի Փաշինյանի համերկրացին:  Առհասարակ, ինչպե՞ս կարելի է վստահ լինել, որ հանձնաժողովի անդամներն այս կամ այն ճանապարհներով կապված չեն ներկայիս իշխանությունների հետ: Հետևապես, այս հանձնաժողովի աշխատանքը խիստ կասկածելի է, և տարիների ընթացքում միայն կերևա՝ իրականում ինչպիսի արմատային փոփոխություններ են արձանագրվել:

Իսկ ՎԿ ամենավերջին տվյալների համաձայն՝ 2023թ-ի հունվար-փետրվարին գրանցված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների թիվը  2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1.3 անգամ: Մյուս կողմից կարևոր նշանակություն ունեն միջազգային կառույցների գնահատականները: Մասնավորապես, Հայաստանում Կոռուպցիայի ընկալման համաթվի դինամիկան 2012-2022թթ-երին եղել է հետևյալը.

Գծապատկեր 1. ՀՀ կոռուպցիայի ընկալման համաթիվը 2012-2022թթ ժամանակահատվածում 

Նշենք, որ այս համաթվի 100 բալ մակարդակը նշանակում է կոռուպցիայի իսպառ բացակայություն, իսկ 0 բալը մակարդակը՝ խորը կոռուպցիա: Ինչպես փաստում են վիճակագրական տվյալները, 2012-2018թթ-երին Հայաստանում կոռուպցիայի ընկալման համաթիվն առավելագույնը եղել է 37 բալ 2014թ-ին և նվազագույնը՝ 2012թ-ին 34 բալ: 2018թ-ից հետո դիտվել է բարելավում ընդամենը երեք տարով՝ 2019թ-ին կոռուպցիայի ընկալման համաթիվը կազմել է՝ 42 բալ, 2020 և 2021 թթ-երին՝ 49 բալ: 2022թ-ին կոռուպցիայի ընկալման համաթիվը սկսել է իջնել՝ հաստատվելով 46 բալ մակարդակում:

Ստացվում է, որ 2022թ-ին կոռուպցիայի ընկալման համաթվով Հայաստանը գրավել է 63-րդ հորիզոնականը 180 երկրների շարքում:

Կիսվեք այս հոդվածով