Չինաստան-Ռուսաստան ապրանքաշրջանառությունը նոր թափ է ստանում

1 Min Read

Չինաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2023 թվականի առաջին եռամսյակում հասել է 53,84 միլիարդ դոլարի՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 38,7 %-ով:
Չինաստանից Ռուսաստան արտահանումը մարտին նախորդ տարվա մարտի համեմատ աճել է 2,4 անգամ՝ մինչև 9 մլրդ դոլար։ Այս մասին հայտնում է Չինաստանի մաքսային գլխավոր վարչությունը։

Երեք ամսում՝ հունվարից մարտ, չինական արտահանումն աճել է 47,1%-ով՝ հասնելով 24,07 մլրդ դոլարի, ռուսական ապրանքների ներմուծումը Չինաստան նույնպես աճել է 32,6%-ով՝ հասնելով 29,77 մլրդ դոլարի։

Մարտին Ռուսաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 20,06 մլրդ դոլար, ընդհանուր առմամբ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը հունվարից մարտ տարեկան կտրվածքով աճել է 38,7%-ով և կազմել 53,84 մլրդ դոլար։

Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Մոսկվան նավթի և ածուխի զգալի ծավալներ ուղղեց Չինաստան, իսկ Պեկինը, իր հերթին, կտրուկ ավելացրեց արտահանման մատակարարումները Ռուսաստան՝ օգտվելով արևմտյան շատ ընկերությունների՝ ռուսական շուկայից դուրս գալու հնարավորությունից։

Ի դեպ, մինչև Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկը Չինաստանը ապահովում էր ռուսական ապրանքների ներմուծման մոտ 25%-ը, այժմ այդ ցուցանիշը կարող է հասնել 40%-ի։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով