Թուրքիայում Հայաստանի դեսպանության բացումը մոտ ապագայում օրակարգում չէ, սակայն երկրներն աշխատում են սահմանային անցակետերի բացման ուղղությամբ։ Այս մասին A Haber հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը։
«Մոտ ապագայում [Հայաստանի դեսպանատան բացումը] կարող է տեղի չունենալ, քանի որ նախ պետք է այլ քայլեր ձեռնարկել։ Մենք բացել ենք մեր օդային տարածքը Հայաստանի համար, բեռնափոխադրումներ են իրականացվում, փոխադարձ օդային հաղորդակցություն է սկսվել, հայկական ավիափոխադրողները կարող են մեր տարածքով թռչել երրորդ երկրներ։ Բայց ցամաքային անցակետեր բացելու համար, քաղաքական պայմաններին զուգահեռ, նախ պետք է ճանապարհներ պատրաստել, վերականգնել կամուրջը։ Եվ մենք արդեն ունենք կամուրջի կառուցման պայմանավորվածություններ»,- ասաց նա։
Չավուշօղլուն, սակայն, նշել է, որ ցամաքային սահմանի բացումը ենթադրվում է իրականացնել «դիվանագիտական անձնագրեր ունեցողների կամ երրորդ երկրների շարքային քաղաքացիների համար»։
Չավուշօղլուն նշել է, որ Հայաստանի հետ սահմանային հատվածում կա «պատմական Մետաքսի ճանապարհի 900-ամյա կամուրջ, որը պետք է վերականգնվի և ամրացվի տարանցման համար։ Միևնույն ժամանակ, Թուրքիայի արտգործնախարարն ընդգծել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ յուրաքանչյուր քայլ ձեռնարկվում է «Ադրբեջանի հետ խորհրդակցություններից հետո»։
Չավուշօղլուն ասել է, որ որպես Ադրբեջանի և Հայաստանի միջև մշտական խաղաղ կարգավորման հասնելու հեռանկարի մաս, Թուրքիան աջակցում է կողմերին, ինչպես նաև խրախուսում և օգնում է տարածաշրջանում ենթակառուցվածքային և լոգիստիկ նախագծերի իրականացմանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Հայաստանի պետական եկամուտների ղեկավար Ռուստամ Բադասյանը հայտարարեց, որ սկսել է նախապատրաստական աշխատանքները Թուրքիայի հետ սահմանին գտնվող Մարգարա անցակետի հնարավոր բացման համար, որը նախատեսված է լինելու երրորդ երկրների քաղաքացիների համար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում