Հայաստանը պաշտոնապես դարձավ Համաշխարհային բանկի Միջազգային զարգացման ընկերակցության դոնոր

4 Min Read
 Հայաստանը պաշտոնապես դարձավ Համաշխարհային բանկի Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ) դոնոր՝ 1 միլիոն դոլար վճարման մասնակցությամբ։

Որոշումը պաշտոնականացվեց Վաշինգտոնում, Կ.Շ., կայացած արարողության ընթացքում, որի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՄԶԸ հանձնառության ստորագրված փաստաթուղթը հանձնեց Համաշխարհային բանկի Զարգացման ֆինանսավորման հարցերով փոխնախագահ Ակիհիկո Նիշիոյին և Համաշխարհային բանկի տարածաշրջանային փոխտնօրեն Անտոնելլա Բասանիին։

ՄԶԸ դոնոր դառնալու մասին Կառավարության որոշումը Հայաստանը վավերացրել է 2023 թ. մարտի 10-ին՝ ՄԶԸ աջակցություն ստացող երկիր լինել դադարելուց սոսկ ինը և միջինից բարձր եկամտով երկրի կարգավիճակ ձեռք բերելուց չորս տարի անց։ Անդամակցելու որոշումը կայացվել էր 2022 թվականի աշնանը, երբ Հայաստանն ու Համաշխարհային բանկը Երևանում իրենց գործընկերության 30 ամյակն էին տոնում։

«Հայաստանը, լինելով միջինից բարձր եկամուտ ունեցող երկիր, այլևս չի օգտվում Միջազգային զարգացման ընկերակցության աջակցությունից։ Կարծում ենք՝ եկել է ժամանակը, որ Հայաստանը սկսի աջակցել օժանդակության կարիք ունեցող երկրներին։ Սա հրաշալի հնարավորություն է Հայաստանի համար՝ մի կողմից օգնելու ցածր եկամուտ ունեցող երկրներին, մյուս կողմից՝ իր երախտագիտությունը հայտնելու ժամանակին ստացված համանման աջակցության համար։ Այս քայլով Հայաստանը ևս մեկ անգամ կվերահաստատի ինչպես Համաշխարհային բանկի խմբի հետ արդյունավետ փոխգործակցությունը, այնպես էլ իր համաձայնությունը ՄԶԸ կողմից իրականացվող քաղաքականությանը», – ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Հայաստանում Համաշխարհային բանկի ներգրավվածության մեկնարկը տրվել է 1992 թվականին՝ երկրի անկախացումից սոսկ մեկ տարի անց, շուկայական տնտեսության երկրի անցմանը օժանդակելու նպատակով։ Սկզբնական ներգրավվածությունը գլխավորապես ՄԶԸ վարկերի և կայունացման ծրագրերի միջոցով էր՝ աջակցելով անցումային բարեփոխումներին։ Այդ ժամանակից ի վեր Համաշխարհային բանկն օժանդակել է ինստիտուցիոնալ բարեփոխումների և ենթակառուցվածքի ներդրումների լայն շրջանակի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ էներգետիկան, ջուրը և ճանապարհները, ինչպես նաև կրթությունը, առողջապահությունը և սոցիալական պաշտպանությունը։

«Համաշխարհային բանկի ներգրավվածության սկզբից ի վեր Հայաստանը տնտեսական խորը վերափոխման է ենթարկվել՝ 30 տարվա ընթացքում հնարավորություն ունենալով ՄԶԸ աջակցություն ստացող երկրից ՄԶԸ դոնոր երկիր դառնալու», ասաց  Համաշխարհային  բանկի  Եվրոպայի  և  Կենտրոնական Ասիայի փոխնախագահ Անտոնելլա Բասանին։ «Համակարգված բարեփոխումներն օգնել են պահպանել կայուն տնտեսական աճը՝ այդպիսով բարելավելով երկրում բազմաթիվ մարդկանց կյանքն ու ապրուստի միջոցները։ Գործընթացում Հայաստանը կարևոր գիտելիք է կուտակել այն մասին, թե ինչպես բարեփոխել, ինչն այսօր ՄԶԸ աջակցություն ստացողների համար կարող է մեծ արժեք ունենալ»։

Ստեղծվելով 1960 թվականին՝ ՄԶԸ-ն Համաշխարհային բանկի՝ աշխարհի ամենաաղքատ երկրներին աջակցելու հիմնական գործիքն է՝ դրամաշնորհների և զրոյականից մինչև ցածր տոկոսադրույքով վարկերի տրամադրման միջոցով, որոնք ուղղված են տնտեսական զարգացման խթանմանը, արտադրողականության բարձրացմանը և այդպիսով՝ ողջ մոլորակում կենսամակարդակի բարձրացմանը։ Հայաստանը ՄԶԸ-ին անդամակցել է 1993 թվականին և այդ ժամանակից ի վեր, որպես շահառու, 1.4 միլիարդ դոլարի ֆինանսական օժանդակություն է ստացել։

 

«Հայաստանը միանում է դոնորների համաշխարհային համայնքին, որը ՄԶԸ-ին հնարավորություն է տալիս արտոնյալ պայմաններով ֆինանսավորում տրամադրելու աշխարհի 75 ամենաաղքատ և ամենախոցելի երկրներին` իրենց զարգացման կարիքները հոգալու համար», – ասաց Համաշխարհային բանկի Զարգացման ֆինանսների հարցերով փոխնախագահ Ակիհիկո Նիշիոն, ով վերահսկում է ՄԶԸն։ «Դրվատում եմ Հայաստանի այս օրինակելի քայլը, որը դադարելով ՄԶԸ աջակցություն ստացող երկիր լինելուց, այժմ ցանկանում է վերադարձնել՝ ինչը համաշխարհային միասնության և միջազգային համագործացության դրսևորում է»։

1992 թվականին Համաշխարհային բանկին և 1993 թվականին ՄԶԸ-ին անդամակցելուց ի վեր Հայաստանի նկատմամբ Համաշխարհային բանկի ընդհանուր հանձնառությունները կազմել են մոտավորապես 2.6 միլիարդ դոլար՝ օժանդակելով 78 ծրագրերի այնպիսի ոլորտներում, որոնք ուղղված են փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակության բարձրացմանը, մարդկային կապիտալի և արդարության բարելավմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների կայուն կառավարմանը։

Համաշխարհային բանկը հանձնառու է մնում Հայաստանի վստահելի գործընկերը լինելուն և շարունակելու է երկրին օժանդակել իր վերափոխման ճանապարհին՝ դեպի ավելի մրցունակ, կանաչ և թվային տնտեսություն, որն իր ողջ ժողովրդի համար ավելի լավ աշխատատեղեր և հնարավորություններ է ապահովում։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով