Տասնյակից ավելի գողություններ՝ բջջային հեռախոսների վաճառքի սրահներից

4 Min Read
Բջջային հեռախոսների և այլ սարքերի վաճառքի և սպասարկման սրահներից կատարված տասնյակից ավելի գողության դեպքեր են բացահայտվել. ընկերություններին միջնորդագրեր են ներկայացվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել են Երևանում գործող խանութ-սրահներից, վաճառքի և սպասարկման կենտրոններից կատարված գողության, գողության փորձի, կողոպուտի, կողոպուտի փորձի, ինչպես նաև շորթման բազմաթիվ դեպքեր:

Քննությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ Երևանի 37-ամյա և Արագածոտնի մարզի 35-ամյա բնակիչները, 2022թ. օգոստոսի 6-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում այցելել են Երևան քաղաքի տարբեր հասցեներում գործող՝ հեռահաղորդակցության օպերատոր հանդիսացող ընկերությունների, բջջային հեռախոսների և հեռահաղորդակցության սարքավորումների վաճառքով զբաղվող ընկերությունների վաճառքի և սպասարկման կենտրոններ, որտեղ գտնվող ցուցատախտակների և վաճառասեղանների վրայից, որոշ դեպքերում միայնակ, որոշ դեպքերում՝ օժանդակությամբ, գաղտնի հափշտակել են բջջային հեռախոսներ, անլար ականջակալներ, արտաքին լիցքավորիչ սարքեր և այլ իրեր՝ ընկերություններին պատճառելով տարբեր չափերի գույքային վնաս:

Դեպքերից 3-ի ժամանակ՝ նրանք ցուցատախտակի վրայից գաղտնի հափշտակել են բջջային հեռախոսներ կամ անլար ականջակալ, սակայն նկատվելով վաճառասրահների աշխատակիցների կամ հաճախորդի կողմից, դիմել են փախուստի՝ տանելով կամ թողնելով գողացված ապրանքը։

Քննությամբ պարզվել է նաև, որ 37-ամյա տղամարդը, գտնվելով Երևան քաղաքի Կարապի լճի մոտակայքում, օգտվելով քաղաքացու անուշադրությունից, գաղտնի հափշտակել է վերջինիս դրամապանակը, որի մեջ եղել է բջջային հեռախոս և բանկային քարտեր:

Քաղաքացին, հայտնաբերելով դրամապանակի և հեռախոսի բացակայությունը՝ զանգահարել է իր հեռախոսահամարին, որին պատասխանել է 37-ամյա տղամարդը: Վերջինս, հրաժարվելով վերադարձնել քաղաքացուն պատկանող դրամապանակը և բջջային հեռախոսը՝ ետ չվերադարձնելու սպառնալիքով, նրանից պահանջել է 20.000 ՀՀ դրամ, որին  քաղաքացին համաձայնվել է: Ապա ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների հեռակա դիտարկմամբ, Առնո Բաբաջանյանի արձանի մոտ, քաղաքացին մոտեցել է 37-ամյա տղամարդուն, պահանջել իր դրամապանակն ու բջջային հեռախոսը, սակայն վերջինս վերադարձրել է միայն դրամապանակը, իսկ բջջային հեռախոսը վերադարձրել է պարեկային ծառայության հիշյալ աշխատակիցների մոտենալու ժամանակ, որից հետո նա ձերբակալվել է:

37-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով (12 դրվագ), 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 253-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 44-254-րդ հոդվածի 1-ին մասով, 44-253-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

35-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով, 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 46-254-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ): Որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելքը:

Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Քննությամբ պարզվել է, որ նշված հանցանքները կատարվել են խանութ-սրահներում, վաճառքի և սպասարկման կենտրոններում անվտանգության համակարգերի բացակայության կամ դրանց խափանված լինելու, ինչպես նաև՝ անվտանգությունն ապահովող աշխատակիցների թույլ վերահսկողության պատճառով: Որոշ դեպքերում թեև սրահներում առկա են եղել տեսանկարահանող սարքեր, սակայն դրանք չեն գործել կամ անորակ են տեսագրել:

Հաշվի առնելով այդ հանգամանքը՝  ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնի պետի կողմից միջնորդագրեր են ուղարկվել հեռահաղորդակցության օպերատոր հանդիսացող ընկերությունների, բջջային հեռախոսների և հեռահաղորդակցության սարքավորումների վաճառքով զբաղվող համապատասխան ընկերությունների տնօրեններին, որպեսզի նմանատիպ հնարավոր նոր հանցավոր ոտնձգությունները նախականխելու նպատակով գործուն միջոցներ ձեռնարկվեն հանցագործությանը նպաստած նշված պատճառներն ու պայմանները վերացնելու ուղղությամբ։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով