Cisco ընկերությունը ՌԴ-ում վաճառքի դադարեցումից հետո ոչնչացրել է գրասենյակի սարքավորումները, կահույքն ու պահեստամասերը՝ գրեթե 2 միլիարդ ռուբլու չափով:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ցանցային սարքավորումներ և ծրագրային ապահովման տեխնիկա արտադրող Cisco Systems-ն այս տարվա հունվարին «ֆիզիկապես ոչնչացրել» է իր պաշարները Ռուսաստանում՝ 1,86 մլրդ ռուբլու չափով։
Հեռանալու որոշումը կայացվել է դեռ 2022 թվականի օգոստոսին՝ Ռուսաստանում վաճառքի դադարեցման, լիցենզիաների և Cisco-ի ծառայությունների կասեցման և վերաարտահանման անհնարինության պատճառով։ Հիմնականում ոչնչացվել են պահեստամասեր, սակայն «դանակի տակ» է ընկել նաև ՏՏ տեխնիկան, ինչը հաստատված է ընկերության ֆինանսական հաշվետվություններում։
«Պաշարները ֆիզիկապես ոչնչացվել են 2023 թվականի հունվարին. 2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ պահուստում կուտակված գույքի ու սարքավորումների արժեքը կազմում էր մոտ 1,864 միլիարդ ռուբլի», – ասվում է փաստաթղթերում:
Բացի այդ, ոչնչացվել են նաև ռուսական ստորաբաժանման հիմնական միջոցները՝ 1 մլն ռուբլի արժողությամբ փոխադրամիջոցներ, գրասենյակային կահույք և տեխնիկա, ինչպես նաև ցուցադրական սարքավորումներ։
Cisco Systems-ը կողմերի համաձայնությամբ խզել է իր աշխատակիցների հետ աշխատանքային պայմանագրերի մեծ մասը: Վճարումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 190 մլն ռուբլի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում