Նոր կտրոնների տրամադրման գործընթացն Արցախում. նշվել է մեկ անձի հաշվով ձեռք բերվող ապրանքատեսակի թույլատրելի քանակը

1 Min Read

Ապրիլի 3-ից Արցախում մեկնարկել է նոր կտրոնների տրամադրման գործընթացը: Այս մասին  BanksNews.am-ը տեղեկանում է Արցախի տեղեկատվական շտաբից:

Ստեփանակերտում՝ ժամը 15։00-19:00-ն, ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի, նյութական վնասների փոխհատուցման կոմիտեի, 1-ին, 4-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դպրոցների շենքերում:

Կտրոնների տեղաբաշխման արդյունավետության բարձրացման և հերթերի գոյացման հնարավոր ռիսկերից խուսափելու համար ապրիլի 4-ից Ստեփանակերտում կավելացվեն կտրոնների տրամադրման կետերը, ինչպես նաև պետական մի շարք խոշոր հիմնարկներում պետծառայողների համար կգործեն սպասարկման առանձին կետեր:
Իսկ Հանրապետության մյուս համայնքների բնակիչները կտրոնները կարող են ստանալ ապրիլի 5-ից՝ համայնքային կենտրոններից:

Տեղամասեր այցելելուց առաջ ճշտել տվյալ հասցեների էլեկտրաէներգիայի հովհարային անջատման գրաֆիկը:

Ապրիլի 4-ից մայրաքաղաքի և Մարտակերտի շրջանի խանութներին կմատակարարվեն բանջարեղեն՝ գազար, բազուկ, կաղամբ, սոխ, իսկ հաջորդող օրերին՝ նաև վարունգ ու լոլիկ: Ասկերանի և Մարտունու շրջանների խանութներին մատակարարումները կիրականացվեն ապրիլի 4-ից և 5-ից սկսած:

Այն քաղաքացիները, որոնք չեն օգտագործել նախկինում ստացած կտրոնները, գնումներ կատարելու համար կարող են դրանք օգտագործել մինչև ապրիլի 10-ը՝ միաժամանակ հնարավորություն ունենալով նաև ստանալու նոր կտրոններ:
Լուսանկարում նոր կտրոնի ձևանմուշն է, որտեղ նշված է մեկ անձի հաշվով ձեռք բերվող ապրանքատեսակի թույլատրելի քանակը:
Կիսվեք այս հոդվածով