Համայնքների սեփական եկամուտները նկատելի աճ են գրանցել. վարչապետին է ներկայացվել 2022թ.-ի հաշվետվությունը

2 Min Read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր։
Վարչապետին զեկուցվեց հաշվետու տարում Արագածոտնի մարզում կատարված աշխատանքների վերաբերյալ:

2022թ. իրականացվել է մոտ 2.9 մլրդ ՀՀ դրամին համարժեք սուբվենցիոն ծրագիր: 2023թ. համար հաստատվել է 10 սուբվենցիոն ծրագրի հայտ՝ ավելի քան 1.3 մլրդ ՀՀ դրամի արժեքով, ևս 13-ը գտնվում է քննարկման փուլում:
Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտի մասով զեկուցվեց, որ Արագածոտնի մարզում վարչատարածքային բարեփոխման վերջնարդյունքում համայնքների թիվը 114-ից դարձել է 8, իրականացվել է օպտիմալացում, անցկացվել են համայնքային ծառայողների և ՏԻՄ-երի վերապատրաստումներ:
Արձանագրվել է համայնքների բյուջեների սեփական եկամուտների աճ. 2022թ. հավաքվել է մոտ 2 մլրդ ՀՀ դրամ, աճը 2021թ. համեմատ կազմել է 103 մլն ՀՀ դրամ:

Հողամասերի նպատակային նշանակության փոփոխության, պետական սեփականություն հանդիսացող հողերի վարձակալության, աճուրդով օտարման արդյունքում համայնքների բյուջեներ է մուտքագրվել շուրջ 351 մլն ՀՀ դրամ:

Վարչապետին զեկուցվեց, որ Արագածոտնի մարզում ընթացքի մեջ են նաև կրթական բարեփոխումները. «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով 4 դպրոց և 3 մանկապարտեզ կառուցման փուլում են, 6 դպրոց և 1 մանկապարտեզ՝ նախագծման, 2 դպրոց ուսումնասիրության փուլում է: Նախակրթական և հանրակրթական հաստատությունների կառուցում/վերակառուցում է իրականացվում նաև պետական այլ ծրագրերով: Բացի այդ, խնայված միջոցների վերաբաշխման արդյունքում իրականացվել է դպրոցաշինության շուրջ 200 մլն ՀՀ դրամին համարժեք 100-ից ավելի ծրագիր, որից շուրջ երկու տասնյակը՝ մարզադահլիճների կառուցման/վերանորոգման: Պարտադիր ատեստավորում է անցել 701 ուսուցիչ, կամավոր՝ 46:

Մոտ 3.3 մլրդ ՀՀ դրամին համարժեք վերակառուցման աշխատանքներ են նախաձեռնվել առողջապահական հաստատություններում, որոնց շարքում են «Աշտարակ» և «Թալին» բժշկական կենտրոնները, «Ծաղկահովիտ» առողջության կենտրոնը: Մանրամասներ ներկայացվեցին Ապարան համայնքում իրականացվող խոշոր զբոսաշրջային ծրագրերի վերաբերյալ: Նշվեց, որ 2022թ. ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա առաջիկայում նախատեսվում է սկսել հայկական գինիների արտահանում դեպի եվրոպական մի շարք երկրներ:

Share This Article
6 Comments