Ներկայիս իշխանությունների բոլոր փորձերին ի հակառակ՝ հայաստանաբնակներից շատերն են շարունակում Ռուսաստանը դիտել որպես եղբայրական պետություն: Սակայն հասարակության շրջանում կան նաև ռուսական կողմին ուղղված մի շարք հարցադրումներ, որոնց պարզաբանումը թույլ կտա նորից վերադառնալ հայ-ռուսական փոխադարձ բարեկամական շփումներին: Չնայած երկու ժողովուրդների միջև ձևավորված բարի հարաբերություններին՝ միաժամանակ նկատելի է նաև սառեցումը երկու պետությունների միջև: Այնուամենայնիվ, ՌԴ-ի նման դաշնակցի կորուստը ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում չափազանց ավերիչ հետևանքներ կարող է ունենալ հայության համար:
Ռուսաստանը ոչ միայն Հայաստանի ռազմական դաշնակիցն է, այլ նաև ունի զգալի տնտեսական շահեր մեր երկրում: ՌԴ-ում տեղի ունեցող գրեթե բոլոր նշանակալի տնտեսական իրադարձությունները շղթայական ձևով ազդեցություն են ունենում ՀՀ տնտեսության վրա: Այս համատեքստում կարևոր են ՌԴ նախագահ Վ. Պուտինի մի քանի օր առաջ կատարած հայտարարությունները, որոնք վերաբերում են երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակին
Գծապատկեր 1. Պուտինի պատկերացումները ՌԴ որոշ սոցիալ-տնտեսական ցուցանիշների մասով
Նախագահն անդրադարձել է տնտեսական աճին՝ ասելով, որ Հավաքական Արևմուտքի ճնշումների պայմաններում պետք է պահպանել տնտեսական աճի դրական միտումները և որպես աճի աղբյուր դիտարկել ներքին պահանջարկը: Պուտինի կարծիքով գնաճային իրավիճակը երկրում կայունացել է: Նախագահի համոզմամբ՝ պետք է հասցեկան աշխատանքներ տարվեն այն ոլորտներում, որոնք ամենաշատն են տուժել պատժամիջոցներից: Օրինակ, մեքենաշինության ոլորտը:
Վ. Պուտինը ակնարկել է, որ Չինաստանի հետ խորացնելու են համագործակցությունը ֆինանսական ոլորտում: Այս հայտարարությունը դրականորեն կազդի ռուբլու կուրսի վրա՝ հանգեցնելով դրա հետագա ամրապնդմանը: Պուտինը նշել է, որ ռուսները սկսել են ավելի երկար ապրել, գործազրկությունը հասել է ռեկորդային նվազագույն մակարդակի: Այս ամենով հանդերձ՝ բնակչության եկամուտներն աճում են, իսկ իրական աշխատավարձի չափը դանդաղորեն, բայց աճում է: