Վարձակալին տնից հանելուց 6 ամիս առաջ պետք է ծանուցվի․ փոփոխություններ՝ բնակարանների վարձակալության կարգում

2 Min Read

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է սահմանել բնակարանի վարձակալության պայմանագրի շրջանակներում վարձակալ հանդիսացող անձանց իրավունքների պաշտպանության լրացուցիչ մեխանիզմներ:

Մասնավորապես՝ նախատեսվում է անորոշ ժամկետով կնքված բնակարանի վարձակալության պայմանագրից միակողմանի հրաժարվելու համար սահմանել նախնական ծանուցման վեցամսյա ժամկետ, իսկ բնակարանի վարձակալության պայմանագրով սահմանված վարձավճարի վերանայման նվազագույն ժամկետ սահմանել մեկ տարին:

«Վերջին ժամանակներում բնակարանների վարձակալության բնագավառում առաջացած գնաճը զգալի դեպքերում անբարենպաստ հետևանքներ է առաջացրել ՀՀ քաղաքացիների համար: Մասնավորապես դա դրսևորվել է վարձակալության պայմանագրերով նախատեսված վարձավճարի չափի պարբերական աճով կամ վարձատուի միակողմանի կամահայտնությամբ վարձակալության իրավահարաբերությունները դադարեցնելու ցանկությամբ: Ընդ որում՝ բնակարանների վարձավճարի չափը շատ դեպքերում համադրելի չէ  քաղաքացիների ստացած միջին ամսական եկամուտի հետ:

Միաժամանակ, ՀՀ անշարժ գույքի շուկայում իրականացված վարձակալական գործարքների վերլուծության տվյալների համաձայն՝ 2022 թվականի ընթացքում իրականացված բնակարանի վարձակալության գործարքների թիվը 2021 թվականի համեմատ աճել է 3.9%-ով, իսկ անհատական բնակելի տներինը՝ նվազել 26.4%-ով, ինչը խոսում է վարձակալության պայմանագրից բխող իրավունքների պետական գրանցման խիստ ցածր ցուցանիշների մասին, ի տարբերություն փաստացի վարձակալության տրված բնակարանների քանակի:

Նշվածի արդյունքում վարձակալների իրավունքների պաշտպանության լրացուցիչ երաշխիքների սահմանման անհրաժեշտություն է առաջացել՝ հատկապես հաշվի առնելով բնակելի տարածքով ապահովված լինելու հանգամանքի կենսական կարևորությունը, ինչպես նաև քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության լրացուցիչ կառուցակարգերի ներդրման կարիքը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Նախագիծը դեռ պետք է արժանանա Կառավարության հավանությանն ու ընդունվի Ազգային ժողովի կողմից։ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում նախագծին կողմ են քվեարկել 37 %-ը, դեմ՝ 63 %-ը։

Կիսվեք այս հոդվածով