ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանից ու նրա հետ փոխկապակցված 4 անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության 8 մլրդ 225 մլն դրամի գույք բռնագանձելու մասին։
Բռնագանձման ենթակա է, մասնավորապես, Երևան քաղաքում և Արմավիրի ու Կոտայքի մարզերում գտնվող 17 միավոր անշարժ և շարժական գույք` բնակարան, տարածք, հողամաս, շինություն, ավտոհանգրվան, տրանսպորտային միջոցներ, հանգստյան գոտի։ Դատախազությունը դատարանից պահանջում է նաև դադարեցնել 8 ընկերություններում Վաչագան Ղազարյանի մասնակցության իրավունքը։
Վաչագան Ղազարյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ԱԱԾ հայտնի տեսանյութում ցուցադրված ճամպրուկով փողին։ Ի պատասխան հարցին՝ թե ուր էր տանում այդքան գումարը, Ղազարյանը նշեց․
«Ընկերներիս գումարներն էին, տանում էի պարտքերս տայի նրանց»,- նշեց Ղազարյանը՝ հավելելով, որ Դավիթ Գալստյանի (Պաշտոն Դավո) հետ դա որևէ կապ չի ունեցել։
Նրա խոսքով ինքը որևէ անօրինական բան չի արել ու պետությանը ոչինչ չունի տալու․ «Ինչ տվել եմ՝ մի բան էլ ավել ա եղել»:
Ինչ վերաբերում է պետությանը պատճառված 3 մլրդ դրամ վնասի փոխհատուցման մասին, Ղազարյանը նշեց, որ դա եղել է այլ գործով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում