Սննդամթերքի անվտանգության՝ մարդու կյանքին և առողջությանը սպառնացող որևէ խնդիր չի հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում է Սննդի անվտանգության տեսչական մարմինը` ի պատասխան banksnews.am-ի հարցման:
<<Հայաստանից ՌԴ կաթնամթերքի արտահանման հետ կապված ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) հայտարարության կապակցությամբ տեղեկացնում ենք, որ սննդամթերքի անվտանգության՝ մարդու կյանքին և առողջությանը սպառնացող որևէ խնդիր չի հայտնաբերվել։ Կաթնամթերքի արտադրությունները, ինչպես նաև սննդամթերքի արտադրության ողջ շղթան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից պատշաճորեն վերահսկվում է՝ համապատասխան իրավական ակտերով վերապահված գործառույթների։
Հրապարակման մեջ նշված մտահոգությունը վերաբերում է բացառապես Իրանի Իսլամական Հանրապետությունից հումքի ներմուծման, Հայաստանի Հանրապետությունում կաթնամթերքի արտադրության մեջ դրա օգտագործման և Ռուսաստանի Դաշնություն արտահանման շղթային։ Նշենք, որ Հայաստանից կաթնամթերքի ռուսական շուկա մատակարարումների ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են։
Առաջացած խնդիրը քննարկվում է ռուսական կողմի հետ, արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն>>,- նշված է պատասխանում։
Հիշեցնենք, որ Ռոսսելխոզնադզորը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ ՌԴ-ն կարող է դիտարկել Հայաստանից կաթնամթերքի մատակարարման սահմանափակումներ սահմանելու հնարավորությունը։ Ռոսսելխոզնադզորն առաջարկել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին մինչև մարտի 31-ը քննարկել Հայաստանից Ռուսաստան այլ արտադրողների կաթնամթերքի հետագա մատակարարման հնարավորությունը։ Խորհրդակցությունների արդյունքներով կդիտարկվի Հայաստանի Հանրապետության կաթ վերամշակող բոլոր ձեռնարկություններից կաթնամթերքի մատակարարման սահմանափակումներ մտցնելու հարցը, հայտնել են գերատեսչությունից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում