Օրական 1,6 մլն դոլար կորուստ՝ Արցախում․ Շրջափակման տնտեսական հետևանքները

1 Min Read

Արցախը շրջափակման հետևանքով օրական 651,3 մլն դրամ կամ 1,6 մլն դոլարի կորուստ է ունենում։ Այս մասին նշվում է «Շրջափակման հետևանքով Արցախի տնտեսության կորուստների գնահատման զեկույցում», որը պատրաստել է հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանի գլխավորած տնտեսագետների մասնագիտական խումբը։

«Սրա մեջ մտնում է հարկերի կորուստը՝ շուրջ 81 մլն դրամի չափով, առաջնային սոցիալական ծախսերը՝ 36,3 մլն դրամով։ Ինչ է նշանակում առաջնային սոցիալական ծախսեր․ տնտեսությունը կանգնում է, մարդիկ դառնում են գործազուրկ, բնականաբար պետք է մինիմալ կենսաապահովման գումարներ տրվի»,- այսօր զեկույցը ներկայացնելիս նշեց Վարդան Արամյանը։

Ըստ զեկույցի՝ շրջափակման ամբողջ ժամանակահատվածում Արցախին արդեն իսկ պատճառվել է 52 մլրդ դրամի (132 մլն դոլար) չափով տնտեսական վնաս։ Գործազրկության աճը գնահատվում է առնվազն 16 հազար։

Ամբողջական սոցիալ-տնտեսական կորուստը գնահատված է օրական նվազագույնը 752 մլն դրամ (1.9 մլն ԱՄՆ դոլար)։

Այսպիսով, Արցախի պետական բյուջեի ընդհանուր ուղղակի ծանրաբեռնվածությունը օրական կտրվածքով նվազագույնը մոտ 117․2 մլն դրամ է կամ ամբողջ բյուջետային ծախսերի 20 տոկոսը: Այս կապակցությամբ, Արցախի կառավարությունը ստիպված է կրճատել բյուջետային, առաջին հերթին` տնտեսական բնույթի կապիտալ եւ ընթացիկ ծախսերը՝ ավելի խորացնելով անկումը Արցախի տնտեսության համար, նշում են զեկույցի հեղինակները:

Share This Article
8 Comments