Տնօրենի կողմից շարունակաբար հափշտակվել, որպես աշխատավարձ ապօրինաբար յուրացվել է առանձնապես խոշոր չափերի գումարը

3 Min Read

Երևանի «Լապտերիկ մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից խարդախություն կատարելու, վստահված գույքը հափշտակելու և կաշառք ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է:

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարված քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2001թ. մինչև 2019թ. հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Երևանի «Լապտերիկ մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը՝ Գ.Հ.-ն նշված մանկապարտեզի տարբեր հաստիքներին գրանցել է իրեն ծանոթ 17 անձանց, ովքեր աշխատանքի չեն հաճախել և որոնց մի մասն առհասարակ տեղյակ չի եղել տվյալ ՀՈԱԿ-ում իրենց՝ որպես աշխատող գրանցված լինելու մասին։ Այդ կերպ տնօրենը շարունակաբար հափշտակել, ապօրինի և անհատույց իրենն ու այլ անձանցն է դարձրել նշված անձանց անվամբ դուրս գրված աշխատավարձի՝ իր տնօրինմանը փաստացի հանձնված առանձնապես խոշոր չափերով` 19.938.294 ՀՀ դրամ գումարը:

Բացի այդ, նշված ժամանակահատվածում, մանկապարտեզի տնօրենը, տեղյակ լինելով վարձու աշխատողին տրվող մայրության նպաստի մասին, հարսի հղիության վիճակն օգտագործելով, վերջինիս հետ նախնական համաձայնությամբ, «Լապտերիկ մանկապարտեզ» ՀՈԱԿ աշխատանքի ընդունման դիմում են մուտքագրել։ 2017թ. սեպտեմբերի 1-ին նա հարսին ձևական ընդունել է աշխատանքի՝ որպես գլխավոր հաշվապահ, սակայն վերջինիս գործառույթների կատարումը թողել է նախկին հաշվապահի վրա’ վարձատրելով նրան: Այնուհետև մանկապարտեզի տնօրենն ստորագրել և հաստատել է աշխատաժամանակի հաշվարկի վերաբերյալ կեղծ տեղեկագրեր, որոնց հիման վրա հարսի անվամբ հաշվարկվել և վճարվել է 412.460 ՀՀ դրամ գումարի չափով հղիության նպաստ, որը հափշտակվել է՝ Երևան համայնքին պատճառելով զգալի չափի վնաս:

Պարզվել է նաև, որ մանկապարտեզի տնօրենը ՀՈԱԿ-ում որպես երաժշտության դաստիարակչուհի հրամանագրված և փաստացի աշխատող անձին աշխատանքից չազատելու և նրան հատկացված դրույքաչափը չնվազեցնելու, աշխատատեղը պահպանելու համար 2014թ. հունվարից մինչև 2018թ. մայիսը պահանջել և յուրաքանչյուր ամիս նրանից անձամբ ստացել է աշխատավարձի մի մասը կազմող՝ 15.000 ՀՀ դրամ գումարը։ Այդ կերպ նա  ստացել է  780.000 ՀՀ դրամ կաշառք:

Նախաքննության ընթացքում «Լապտերիկ մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից վերականգնվել է Երևան համայնքին պատճառված ամբողջ վնասը՝ 20.350.754 ՀՀ դրամ գումարը:

Յուրացման, վատնման և վատնմանն օժանդակելու մի քանի դրվագներով մանկապարտեզի հաստիքներին գրանցված, սակայն աշխատանքի չհաճախած մի քանի անձանց, տնօրենի հարսի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի իրականացվել՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:

Ձեռք բերված փաստերի հիման վրա մանկապարտեզի տնօրենին ներկայացվել է վերջնական մեղադրանք՝  ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։

Խոշոր չափերով կաշառք տալու համար մեղադրանք է ներկայացվել նաև  երաժշտության դաստիարակչուհուն։

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և քրեական վարույթը դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Կիսվեք այս հոդվածով