Հակակոռուպցիոն դատարանում այսօր ընթանում է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա նախկին տեղակալ Լևոն Երանոսյանի, ոստիկանության ներքին աուդիտի վարչության նախկին պետ Վարդան Թունյանի և ոստիկանության զորքերի զորամասի նախկին հրամանատար Գուրգեն Գրիգորյանի գործով հերթական դատական նիստը։
Պետությանը պատճառվել է մոտ 114 միլիոն դրամի վնաս։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` «յուրացնելը կամ վատնելը՝ առանձնապես խոշոր չափերով» (2 դրվագ) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ» (2 դրվագ):
Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ «պաշտոնեական կեղծիք», և 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Վարդան Թունյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 38(հանցակցություն)-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Գուրգեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով:
Դատախազը մեղադրական եզրակացությունը ներկայացնելիս նշեց, որ 10 մլն արժողությամբ գույքը Վլադիմիր Գասպարյանն ապօրինի հատկացրել է ոստիկանության ծառայողին։
Վլադիմիր Գասպարյանը չի ընդունում մեղադրանքը։ Նրա խոսքով՝ գործը հարուցվել է Ոստիկանության նախկին աշխատակից, «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանի հայտարարությւոնների հիման վրա։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում